Ամեն տարի աշխարհում ջրահեղձ է լինում առնվազն 372 հազար մարդ: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում: Դրա հեղինակները նշում են, որ ջրահեղձությունը համարվում է երիտասարդների և երեխաների մահվան հիմնական պատճառն աշխարհում:
Ամեն ժամ աշխարհում ջրում մահանում է 40 մարդ: Զոհվածների կեսից ավելին 25 տարեկանից ցածր է: Ամենամեծ ռիսկի գոտում մինչև 5 տարեկան երեխաներն են: Տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են ջրասույզ լինում, քան կանայք: Մահերի 90 տոկոսը բաժին է ընկնում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների բնակիչներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում կառավարություններին՝ ավելացնել ջրում անվտանգության պահանջները, ցանկապատներ դնել ջրավազանների շրջակայքում, երեխաներին սովորեցնել լողալ և ջրում անվտանգության դասընթացներ իրականացնել: