տուն Լուրեր Ամեն մի կրակոց մեր ռազմավարական դաշնակցի խղճի վրա է. քաղաքագետ

Ամեն մի կրակոց մեր ռազմավարական դաշնակցի խղճի վրա է. քաղաքագետ

168
0

Putin-Aliev7

«Հարցը իհարկե բազմապլան է, և պատճառները` համալիր: Նախ՝ գանք նրանից, որ ավելի վաղ ամեն ինչ արվեց, որ Սարգսյան- Ալիև հանդիպումը Վաշինգտոնում չկայանա, և դա տեղի ունեցավ Մոսկվայի խրախուսանքով, և Ալիևի մեղքով. դա փաստ է: Երկրորդ փաստն այն է, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից կոնսենսուսով առաջադրվեց ներդնել մեխանիզմներ, որոնք կբացառեն զինադադարի խախտումները, և նաև միջազգային մեխանիզմ` ուղղված հնարավոր խախտումներին, միջազգային հետաքննությանը: Դա նույնպես Մոսկվայի խրախուսանքով, և Ալիևի մեղքով տապալվեց», Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջնագծում առկա լարվածությանը, և պատասխանելով այն հարցին, թե ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը լարվածությունը սրելով, ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով երրորդ պատճառն այն է, որ Ալիևի այցը Վաշինգտոն իր արդյունքներով կատաստրոֆիկ էր:

«Ալիևի վրա գործադրվեց ճնշում՝ կապված Ադրբեջանի ներսում տիրող խայտառակ իրավիճակի հետ, մարդու իրավունքներ, ռեպրեսիաներ, և բացի այդ, նաև ճնշում գործադրվեց, որ այնուամենայնիվ, Ալիևը եթե ուզում է իր էներգետիկ պրոյեկտներն առաջ տանել, ինչի հետ կապված բազմաթիվ պայմանագրեր են ստորագրված, կամ նախաստորագրված, ապա այդ պայմանագրերը կարող են աշխատել մի պայմանով, եթե այնտեղ լինի երաշխավորված խաղաղություն: Փաստորեն, Ալիևը դրան այնտեղ չհամաձայնեց, և հետ գալով՝ որոշեց «սեղանը շուրջ տալ և կոտրել ամանեղենը»»,- ասաց քաղաքագետը: Մեհրաբյանի խոսքով` Ալիևն այս քայլին չէր գնա, եթե չունենար Մոսկվայի կողմից խրախուսումը: Մեր հարցին, թե միջազգային կառույցները կոչ են անում կողմերին, և հատկապես Ադրբեջանին՝ դադարեցնել կրակը, բայց պաշտոնական Բաքուն շարունակում է իր գործողությունները: Պատերազմ է ցանկանում, արդյոք, վերջինս: Այս առնչությամբ քաղաքագետը պատասխանեց. «Պատերազմը չի դադարեցնի: Վաղը գիտեք, տեղի է ունենալու Միսնկի խմբի հանդիպումը` Վիեննայում: Սա լրացուցիչ արվում է Ռուսաստանի ձեռքին: Հիմա Մոսկվան ցանկանում է կայացնել հանդիպում ՌԴ-ի տարածքում, ինչի մասին արդեն որոշ ռուս պաշտոնյաներ ուղիղ տեքստով ասում են, և Մոսկվան փորձում է ցույց տալ, թե ով է տայգայում տերը, և ես վստահ եմ, որ Ալիևն ուղղակի վազքով կգնա այնտեղ, և տեղի է ունենում, այն, ինչ տեղի է ունենում»:

Ռ. Մեհրաբյանը կարծում է, որ Մոսկվան, Բաքուն և Անկարան փորձում են «պայթեցնել» Մինսկի խումբը, և հարցի լուծումը տանել ռուս-ադրբեջանական ու ռուս- թուրքական գործարքի մեջ: «Օգտագործելով այս առիթը, ադրբեջանցի զինվորականները փորձեցին, այսպես ասենք, հետախուզություն մարտում իրականացնել դիմակայության գծի վրա: Դատելով վիճակագրությունից, դա նրանց մոտ ունեցավ խայտառակ արդյունք: Ցույց տվեց, որ հայկական կողմը պատրաստ է դիմագրավելու ադրբեջանական մարտահրավերին, տալու համարժեք պատասխան, ինչպես նաև ասիմետրիկ պատասխան, և մի բան էլ, որ շատ կարևոր է, որ այդ նավթապետությունները շատ քիչ ժամանակ ունեն, որովհետև նավթի արժեքը ընկել է, և դրանց կողմ նախկին խաղը իրենց հանրության հետ անհնար է, նրանց կուտակած փողը մաշվում է, և նրանց մոտ պետք է այլ խաղ սկսել»: Ինչ վերաբերում է ռուսական կողմի հայտարարություններին, ապա Մեհրաբյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Ադրբեջանը հայկական կողմի վրա կրակ է բացում այն զենքերից, որն իրեն վաճառել է Հայաստանի ռազմավարական գործընկերը: «Ներկայումս հայկական դիվանագիտության համար եկել է ոչ ստանդարտ քայլերի ժամանակը, և, այսպես ասենք, դեռ երկար ժամանակ մեր հույսը մենք պետք է դնենք մեր զինվորի ոգու ու պրոֆեսիոնալիզմի վրա, ինչում ես որևէ կասկած չունեմ: Իսկ դիվանագիտությունը պետք է իր գործը կատարի լավ: Ժամանակին, որ ասվում էր՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն արվում է Հայստանի շահերին դեմ, որոշ «խելացիներ» դա այլ կերպ էին մեկնաբանում, իսկ այդ ամենն արվում էր հենց այսօրվա համար, որովհետև Ալիևի ռեժիմն այդքան լկտի չէր լինի, եթե չլիներ Մոսկվայի կողմից բազմամիլիարդ զենքերի վաճառքը Ադրբեջանին: Իսկ այն խոսակցությունները, որ եթե Մոսկվան չլիներ, ուրիշը կլիներ, ոչ ուրիշը չէր լինի, որովհետև չկա ուրիշը, որովհետև ոչ մեկը Ադրբեջանին այդ քանակությամբ զենքեր չէր վաճառի: Այս կրակոցները, մեր ռազմավարական դաշնակցի խղճի վրա է»,- եզրափակեց քաղաքագետը:

Փայլակ Ֆահրադյան