Ընտրական օրենսգրքի հանրային քննարկման ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս քննարկումը նպատակ ունի վեր հանել բոլոր անհասկանալի դրույթները: Հովհաննիսյանի խոսքով`Ընտրական օրենսգրքով պետք է փորձ արվի լուծել այն հիմնական ուղղությունները, որոնք դրված են Սահմանադրության մեջ: «Մասնավորապես` համամասնական ընտրակարգ ապահովելը, կայուն մեծամասնություն ապահովելը և մի շարք այլ խնդիրներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում: Այս տեսանկյունից` Ընտրական օրնեսգրքում փորձ է արվել լուծում տալ այն հարցերին, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն անգամ բարձրաձայնվել են և խնդրահարույց են համարվել»,- ասաց նա` հավելելով, որ ցանկանում է առաջին հերթին անդրադառնալ համամասնական ընտրակարգի ապահովմանը: «Սահմանադրությունը նախատեսում է , որ ԱԺ-ի ընտրություններն անց են կացվում համամասնական ընտրական համակարգով և այս ընթացքում համամասնականի տարատեսակ մոդելների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհում կան համամասնական ընտրակարգով տարբեր երկրներ և դրանք ունեն բազմաթիվ առավելություններ ու թերություններ: Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը սկզբունքորեն համամասնական ընտրակարգի դեպքում համարվում է ընտրողի և ընտրատարածքի միջև կապի բացակայությունը , իսկ մեծամասնական ընտրական համակարգի պարագայում գործ ունենք անհատի գործոնի ընդգծման կամ շեշտման հետ»,- նշեց նախարարը: Նրա բնորոշմամբ`այն մոդելը, որ առաջարկվել է, ներկայացնում է կուսակցության և անհատի սկզբունքների համադրման հաջողված մոդել. «Մենք առաջարկում ենք, որ ՀՀ տարածքը բաժանվի 13 ընտրատարածքների, իննը` մարզերում և չորսը` Երևանում: Սրանով կերաշխավորվեն համամասնական ընտրական համակարգի առավելությունները և ընտրողը հնարավորություն կունենա հասկանալ, թե ով է իր պատգամավորը և որ տարածքից է նա»:
Հովհաննիսյանը նշեց նաև. «Մենք նախատեսում ենք , որ յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պիտի ներկայացնի համապետական ցուցակ և տարածքային ցուցակներ: Համապետական ցուցակն էլ բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ընդգրկված են այն թեկնածուները (նվազագույնը՝ 80, առավելագույնը՝ 100), որոնցից կազմվում են տարածքային ցուցակները: Տարածքային ցուցակներում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածու առկա է նաև համապետական ընդհանուր ցուցակում: Համապետական ցուցակում կարող են լինել նաև թեկնածուներ, որոնք տարածքային ցուցակներում ընդգրկված չեն: Մանդատների բաշխումը կատարվում է հաշվի առնելով 101 պատգամավորների թիվը և գումարած համապետական ցուցակի երկրորդ մասով երաշխավորված և Սահմանադրությամբ երաշխավորված չորս ազգային փոքրամասնությունների տեղերը: Այսինքն` 105 մանդատի սկզբունքով»:
Նախարարն ընդգծեց նաև, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ 50-50 սկզբունքով են բաշխվելու համապետական և տարածքային ցուցակները. «ԱԺ ընտրվելու և մանդատների բաշխման մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ որևէ կուսակցություն ստացել է 53 մանդատ կամ ընդհանուր 51 տոկոսը: Մենք նախատեսում ենք նաև, որ հնարավոր է ձևավորվեն կոալիցիաներ, բայց ավելի կարևոր է այն, որ Սահմադրությունը նախատեսում է կայուն խորհրդարանական մեծամասնության համակարգը»: