Որդու մահից կես տարի անց սահմանին զոհված ժամկետային զինծառայող, 23-ամյա Կարեն Հովհաննիսյանի մայրը դեռ չի հաշտվել ծանր կորստի մտքի հետ, ամեն գիշեր մտքում զրուցում է նրա հետ, պատմում օրվա անցուդարձի մասին: Այսօր գիշեր տիկին Անուշը որդուն կպատմի, որ նա ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով:
«Դժվար է զոհվածի մայր լինելը: Այն գիտակցումը, որ նա զոհվել է հանուն հայրենիքի, փոքր ինչ սփոփում է: Ամեն գիշեր խոսում եմ հետը, ամեն առավոտ բարի լույս եմ մաղթում: Դժվար է, բայց շարունակում եմ ապրել, քանի որ այդպես կցանկանար որդիս: Այսօր նրան կասեմ՝ քեզ հասանելիք պարգեւը ստացար քո սխրանքի համար»,- այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ նախագահական նստավայրում որդու փոխարեն պարգեւը ստանալուց հետո ամբիոնից ասաց Կարենի մայրը։
Տիկին Անուշից բացի նախագահական նստավայր էին եկել նաեւ 2015թ. զոհված եւս 18 զինծառայողների ծնողները, որոնք նախագահից ստացան իրենց որդիների հետմահու պարգեւները: