WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ում այսօր հայտարարվել է եռօրյա սուգ՝ կապված Եմենի Մարիբ նահանգում 45 զինծառայողի զոհվելու հետ: Զինծառայողները զոհվել են Եմենի շիա ապստամբների հասցրած հրթիռային հարվածի ժամանակ: ԱՄԷ-ի զինծառայողները մասնակցում են Եմենի շիա ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքի ռազմական գործողությանը:
Սրանից առաջ հաղորդվել էր Եմենի գործողության ժամանակ ԱՄԷ-ի 7 զինծառայողի զոհվելու մասին, որոնցից երկուսը համարվել են ոչ մարտական կորուստներ: ԱՄԷ-ին արդեն իսկ աննախադեպ կորուստների կապակցությամբ իրենց ցավակցություններն են հղել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Մարոկկոն, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եմենը և այլ երկրներ: ԱՄԷ-ի արտգործնախարարին ցավակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: