տուն Լուրեր Ամատունի Վիրաբյանըˋ Հայաստանի հանրապետության հռչակման գործընթացի մասին

Ամատունի Վիրաբյանըˋ Հայաստանի հանրապետության հռչակման գործընթացի մասին

95
0

ամատունի վիրաբյան

Մայիսյան հաղթանակների  խորհուրդը հասկանալու համար պետք է փոքրիկ էքսկուրսիա կատարել և հասկանալ, թե ինչ էր կատարվում մայիսյան հաղթանակների նախօրյակին Կովկասում: 1917 թվականի դեկտեմբերից ռուսական զորքերը սկսեցին հեռանալ կովկասյան ռազմաճակատից և 700-800 կմ հասնող ռազմաճակատը մնաց հայկական նոր կազմավորվող զինված ուժերի հսկողության տակ: Թուրքերը կարճ ժամանակում գրեթե առանց դիմադրության հանդիպելու գրավեցին  Երզնկան, Կարսը և Սարիղամիշը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Սարդարապատի հերոսամարտերի մասին, պատմեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Մայիսի 22-ին Սարդարապատի ճակատամարտը սկսվեց: Շատերը տեղյակ չէին, թե ինչ է կատարվում Արևմտյան Հայաստանում: Արևմտյան Հայաստանը ոչնչացնելուց հետո, Թուրքերը նպատակ էին դրել ոչնչացնել նաև Արևելյան Հայաստանը:  Այստեղ էր, որ հրաշք կատարվեց.  հայկական բանակը հասկացավ, որ պետք է պայքարի: Զինվորականները չենթարկվեցին նահանջելու և Սևան բարձրանալու որոշամանը: Հայկական զորքերը վերախմբավորվեցին և անցան հարձակման:

Երբ թուրքերը տեսան, որ Սարդարապատի վրա հարձակում է, փորձեցին Բաշ-Ապարանի վրա հարձակվել: Այստեղ Դրոյի գլխավորությամբ հայկական զորքը, երրորդ ճակատամարտը ձեռնարկեց Ղարաքիլիսայում, որտեղ ևս հայերը դիմադրություն կազմակերպեցին: Թեև այստեղ հայերը պարտվեցին, որովհետև ոչ բոլոր ուժերն էին մասնակցում  ճակատամարտին, բայց սա կարողացան կազմակերպել ինքնապաշտպանություն»,-նկատեց բանախոսը:

Վերջինս ընդգծեց, որ մայիսյան հերոսամարտերի գլխավոր ձեռքբերումը Հայաստանի հանրապետության հռչակումն էր, թեև այն անհրաժեշտ էր Թուրքիայի հետ պայմանագիր կնքելու համար: Բանախոսը շեշտեցˋ չնայած մենք Հայաստանի հանրապետություն հռչակվելու օրը նշում ենք մայիսի 28-ին, բայց իրականում հռչակագիրը ամրագրվել է մայիսի 30-ին: Բանախոսը փաստեց, որ սրա պատճառը Վրաստանում և Ադրբեջանում պետականության հաստատումն էր մայիսի 26-ին և 27-ին, ուստի Հայաստանի հանրապետության հռչակման թվագրումը նշվում է որպես 28-ըˋ ցույց տալու համար, որ այն Վրաստանի և Ադրբեջանի նույնանման գործընթացներից շատ չի ուշացել: