տուն Լուրեր Ամառային հանգստից հետո սեռավարակների թվի աճ է գրանցվում

Ամառային հանգստից հետո սեռավարակների թվի աճ է գրանցվում

108
0

 bacteria-gitutyun

Ամառային հանգստյան շրջանը մոտենում է, իսկ ամառային հանգստից հետո հաճախ մի շարք խնդիրներ են ի հայտ գալիս, որոնցից առաջնայինները սեռավարակներն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանգստից հետո սեռավարակների ակտիվացման և այլ առողջական խնդիրների մասին խոսեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:

«Սեռավարակներն ակտիվանում են հանգստից հետո` հանգիստը ոչ ճիշտ կազմակերպելու հետևանքով: Բժշկի դիմողների թվի աճ է զգացվում առավելապես սեպտեմբերի կեսերին, երբ խնդիրները արդեն իրենց զգացնել են տալիս: Դրանք բուժելու համար երբեմն հստակ պետք է իմանալ, թե որտեղ է հանգստացել անձը, որովհետև կան որոշ տրոպիկ երկրներ, որոնցում հանդիպող սեռավարակների տեսակները մեզանում չեն հանդիպում»,-նշեց մասնագետը` հորդորելով սեռավարակներից խուսափելու համար հեռու մնալ ճանապարհորդական սիրավեպերից, ինչպես նաև պահպանել հիգիենայի կանոնները:

Վարակիչ խնդիրներից խուսափելու համար ևս՝ բանախոսը խորհուրդ տվեց պահպանել հիգիենայի կանոնները, ուշադիր լինել օգտագործվող սպիտակեղենի հարցում (նախընտրելի է ունենալ սեփական սպիտակեղենը):

Ինչ վերաբերում է արևայրուքին, ապա մասնագետը խորհուրդ տվեց երկու արևապաշտպան միջոց օգտագործել: Առաջինը կարելի է օգտագործել հանգստի առաջին երկու-երեք օրերի ընթացքում, ապա կարելի է օգտագործել ավելի թույլ արևապաշտպան միջոցը: Բանախոսը խորհուրդ տվեց նաև ճիշտ ընտրել արևայրուքի ժամը. արևայրուք կարելի է ընդունել առավոտից մինչև 11:00, ապա ցերեկը՝ 17:00-ից կամ 18:00-ից հետո, իսկ սպիտակամաշկներին խորհուրդ է տրվում արևայրուք ստանալ ստվերում` խուսափելու համար մաշկի այրվածքներ ստանալուց:

 

Վարդուհի Ստեփանյան