Ամանորի հայկական ավանդական ուտեստների մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեցին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը և Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: «Ավանդական ուտեստները մեծ մասամբ պահպանվել են, որի համար շնորհակալ եմ մեր տատիկներին: Նոր տարին դիմավորել առանց տարեհացի՝ ուղղակի անկարելի է: Տարեհացը մեր ավանդական հացն է, որի մեջ պահված է մի մետաղադրամ: Ու, ըստ ավանդության, ում ընկնում էր այդ մետաղադրամը, այդ տարին հաջող էր լինելու նրա համար: Ամենահիմնական ուտեստը մեր քաշիկան է՝ հարիսայի տարատեսակ: Այն պատրաստվում է մսից և ձավարից, որը շերտերով դնում էին իրար վրա և թոնիրն են իջեցնում առանց խառնելու: Ամբողջ գիշեր եփվում է ուտեստը մարմանդ կրակի վրա: Քաշիկան խորհրդանշում է նոր տարին ամբողջությամբ անցկացնել առանց որևէ պատերազմի»,- հայտնեց Սեդրակ Մամուլյանը:
Տոնը հասարակ օրից տարբերվելու մասին խոսեց Սվետլանա Պողոսյանը: «Մենք պիտի տարբերենք տոնը բոլոր մյուս օրերից: Մեր տոն օրերի հիմքում ընկած էր ոչ թե այն, թե ինչ էր դրվելու սեղաններին, այլ այն, որ հավաքվելու են բոլոր հարազատները, եթե անհաշտություններ էին ծագել՝ տարվա մեջ հարթվելու էին: Մեր ավանդական սեղաններին առաջ դրվում էին զուտ այն մթերքները, որոնք հենց մենք էինք հավաքում ու պահպանում՝ չոր կամ թարմ մրգեր, սեփական պահած կենդանիների մսեր, բլղուրեղեն, ու մեծ տեղ էր գրավում ամիչը: Լցոնված մսով ուտեստները կոչվել են ամիչ»: