ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն այսօր հրավիրված ««Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը» թեմայով քննարկմանը նախ նշեց, որ նախարարությունը կողմ է ալյուրի հարստացմանն ու ներկայացրեց, որ մինչև Կոպենհագենյան կոնսենսուսը՝ 33 երկիր ալյուրը հարստացրել է պարտադիր միկրոտարրերով, իսկ ևս 82 երկիր դա անում են:
«Շատ զարգացած երկրներ հարստացնում են ալյուրը, և վիճակագրությունն էլ փաստում է միայն դրական արդյունքների մասին»,- ասաց Կարինե Սարիբեկյանն ու շեշտեց, որ ալյուրը հարստացվում է ոչ թե քիմիական նյութերով , այլեւ վերադարձվում է այն, ինչ կորչում է ցորենն աղալու ժամանակ:
Կարինե Սարիբեկյանի փոխանցմամբ՝ ալյուրը հարստացնելու մի շարք պատճառներ կան՝ սրտի կաթված, բնածին արատներ, հղիության անեմիաներ և այլն…
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ ասաց, որ առաջարկ-պահանջարկ սկզբունքը միշտ ծնում է խախտման բնույթ, հետևապես պետք է առանձին հետազոտություն ունենալ, թե ինչքան է լինելու չհարստացված ալյուրի պանաջարկը և որքան կարժենա մեկ մոնիթորինգը. «Եթե գնորդը ցանկանում է գնել չհարստացված ալյուրով հաց՝ տնտեսվարողը տեսնելու է, որ երկրում շատ է դրա պահանջարկը, արտադրելու է հարստացված ալյուրով հաց և ներկայացնի որպես չհարստացված»,- ասաց Բաբկեն Պիպոյանն ու նշեց, որ այդ ռիսկերը պետք է հաշվի առել: