տուն Լուրեր Ալիևի ռազմական ավանտյուրայի անձնական մոտիվացիաները

Ալիևի ռազմական ավանտյուրայի անձնական մոտիվացիաները

92
0

aliev

Ղարաբաղը երբեք չի եղել Ի. Ալիևի համար նպատակ, այլ միջոց իշխանությունը պահպանելու և իր ընտանիքի հարստությունները բազմապատկելու համար: Կարելի է ասել, որ մինչ այժմ դա նրան հաջողվում էր: Դա հաջողվում էր հայր և որդի Ալիևների կողմից ստեղծած կառավարման համակարգի միջոցով: Համակարգ, որը թեև ծածկված է հայատյաց  գաղափարախոսության շղարշով, սակայն էությամբ և բովանդակությամբ կոչված է միայն Ալիևի կլանի անվտանգության պահպանմանը և հարստության դիզմանը: Սակայն նույնիսկ Ալիևը չէր կարող չհասկանալ, որ 2 տասնամյակների ընթացքում ձևավորած այդ համակարգը, ոչ միայն վաղ թե ուշ խժռելու է իր կլանին, այլ նաև հարվածի տակ է դնելու  բուն Ադրբեջանի գոյությունը:

Նախօրեին «Ուրվագծի» ուղիղ եթերում Պետրոս Ղազարյանը իր հյուրերին անընդհատ հարցնում էր՝ ինչու˚ Ադրբեջանը սկսեց և ինչու˚ հենց հիմա: Հյուրերի կողմից, որպես հիմնական էնդոգեն պատճառներ նշվում էին՝ Ադրբեջանի արտաքին դիվանագիտական ձախողումները, քաղաքական ներքին խմորումները և սոցիալ- տնտեսական ճնշումները: Նշվեցին նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին Հայաստանի վրա« քսի» տալու էկզոգեն պատճառներ: Այսինքն, այս երկրները փորձում են պատերազմի միջոցով հաստատվել Արցախում կամ դուրս մղել մյուս հակառակորդներին: Սակայն, Ալիևի այս հերթական ավանտյուրայում ավելի շուտ գերիշխել են անձնական (անվտանգության) մոտիվացիաները, որոնց սրացման պատճառները իրենց հերթին հանդիսացել են վերը նշված բոլոր գործոնները:

Այն որ, այս մակարդակի պատերազմական իրադարձություններ վաղ թե ուշ պետք է տեղի ունենային, այլևս ոչ ոք Հայաստանում չէր կասկածում: Սակայն դրան հակառակ, անընդհատ բերվում էին բազմաթիվ հիմնավորումներ, որ անձամբ Ալիևին ձեռք չի տալիս պատերազմի միջոցով ռիսկի դիմել և հարվածի տակ դնել  իր իշխանությունը և կուտակած ակտիվները, որը գնահատվում է մոտ 50 մլրդ. դոլլարից մի փոքր ավել: Սակայն դա ճիշտ կլիներ, եթե Ալիևի իշխանության վտանգի աղբյուրը լիներ հենց Ղարաբաղը, այնինչ կրտսեր Ալիևի իշխանության համար իրական վտանգների վեկտորները միշտ էլ  եղել են կամ դրսից, կամ էլ ներսից, սակայն ոչ Ղարաբաղից: Ղարաբաղը  իր կամքից անկախ միշտ էլ փրկարար օղակ է եղել Ալիևի համար:

Ինչպես նշեցինք, Ալիևի համար իր և կլանի շահերը միշտ էլ գերակայել են ադրբեջանական պետության շահերին, թեև շատ դեպքերում նա կարողացել է նաև համատեղել դրանք: Դա համընկել է նավթի գների աճի և աշխարհաքաղաքակական զարգացումների համեմատաբար «փափուկ» դիմակայությունների ժամանակահատվածի հետ: Սակայն իրադրությունն է փոխվել, իսկ Ադրբեջանը իսկապես դիվանագիտական, ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ չի կարողնում կողմնորոշվել: Ներկայումս Ալիևը, ոչ միայն անշնորհք ձևով է մանևրում Արևմուտք, Ռուսաստան և Թուրքիա եռանկյունում, այլ կորցնում է վերահսկողությունը ներքին գործընթացների վրա:

Ադրբեջանը Ալիևի գլխավորությամբ միշտ Հայաստանի նկատմամբ վարել է ռեսուրսային պայքար:  Ալիևի (Ադրբեջանի) հիմնական հաղթաթուղը եղել են ռեսուրսները՝ բնական, մարդկային և ֆինանսական: Ադրբեջանի մարդկային ռեսուրսները այնքան չեն, ինչքան ներկայացվում են, ֆինանսական ռեսուրսները արագ սպառվում են, իսկ բնական (նավթային) ռեսուրսների նշանակությունը նույնպես նվազել է:

Այն, որ Ադրբեջանի նախագահը վերջին ժամանակահատվածում  ձախողվում էր բոլոր առումներով, մեծ խորաթափանցություն պետք չէր հասկանալու համար: Երկիրը  արագորեն գլորվում է տնտեսական կոլապսի մեջ: Ստատուս քվոն աշխատում է Արցախի օգտին և ճանաչման գործընթացը սկսել է  աշխատել:

Այս ամենից բացի, ամերիկացիները փուլ առ փուլ բաց են թողնում Ալիևի ընտանքի ֆինանսական ակտիվների վերաբերյալ հստակ տեղեկատվություններ, իսկ սա իր հերթին իր վրա է գամում Ալիևի հարստության վրա աչք ունեցող թե′ դրսի, թե′ ներսի  գիշատիչներին:  Ալիևի մինչ այդ «միֆային» հարստության ծավալները ավելի հասցեական և իրական են դառնում: Սա արդեն հոգեբանական նոր վիճակ է:

Կրտսերի հարստության և իշխանության նկատմամբ հավակնություններ ունեցողների   հոտառությունը հուշում է,  որ Ալիևի արտաքին և ներքին դիրքերը թուլացել են և թուլանալու են: Բացի այդ, տեղային և մաֆիոզ կլանները, շիա իսլամականները, սունիական ծայրահեղ իսլամականները, թալիշների և լեզգիների ազգայնական շրջանակները, թուրքական, ռուսական, իրանական հետախուզական կառույցները Ալիևի իշխանության տապալման համար լուրջ վտանգ են ներկա պահին հանդիսանում: Բանակի և ազգային անվտանգության վերնախավը վստահելի չէ, դժգոհություններ կան Ալիևի վարչակազմի նկատմամբ: Գործարարները մեծ դժգոհություն ունեն, բիզնեսը գտնվում է հարկային մեծ պրեսսինգի տակ: Բացի այդ, Ալիևը կասկածներ ունի, որ Արևմուտքում որոշում են ընդունել հեռացնել իրեն Ադրբեջանի ղեկավարությունից: Թուրքիայից այդ վտանգը նույնպես սպասելի է: Սոցիալական շարժումները ցանկացած պահի կարող են անկանխատեսելի հետևանքների բերել: Իրականում, իրավիճակը Բաքվում ավելի բարդ է, քան մենք տեղեկացված ենք: Ալիևը ներկա պահին իշխանության պահպանման խնդիր է լուծում:

Իշխանական ռեսուրսները թուլանում են, իսկ կուտակված ֆինանսական ռեսուրսները արագ սպառվում են: Ռազնական պոտենցիալը այլևս դժվար կլինի ընդլայնել: Ադրբեջանը այլևս լուրջ ռեսուրս չունի որևէ  ներքին և արտաքին  խնդիրները լուծելու: Կրտսերը  ստեղծված իրավիճակում այլ ելք չունի, քան  վա-բանկի գնալ, այսինքն դեռևս մնացած ֆինանսական միջոցներով և ռազմական ներուժով ևս մեկ անգամ փորձելու է իրավիճակ փոփոխել Արցախյան ճակատում և ամենակարևորը շանտաժի մեջ պահել տարածաշրջանին և Արևմուտքին: Դրա համար մի քանի շաբաթ առաջ նա քարտ բլանշ ստացավ Թուրքիայից: Թուրքիան Ալիևի միջոցով նույնպես ցույց է տալիս իր մկանները Ռուսաստանին և Արևմուտիքն: Ալիևը նաև հասկանում է, որ Թուրքիան Ադրբեջանի բնական դաշնակիցն է, սակայն ոչ Ալիևի:

Այսպիսով, այս հարձակման միջոցով նպատակ ուներ նաև՝

—  պատասխաննել Արևմուտքի կողմից իր նկատամբ  «ստորացումներին», փորձելով դրանով կանխել նաև հետագա հրապարակումները իր ֆինանսական ակտիվների կոորդինատների և ծավալների վերաբերյալ,

-փորձում է  իր համար «անկանխատեսելի» իմիջ ձևավորել (թեև լավ էլ կանխատեսելի է),

-Ալիևը հույս ուներ հասնելու նաև ադրբեջանական հասարակության կոնսոլիդացիայի, թեկուզը կեղծ հաղթանակների քարոզմամբ, թեև այս հարցում նույնպես ձախողվեց,

-փորձում է ձեռք բերել լրացուցիչ լծակներ ավելի շատ ճնշելու հասարակությանը,

-ցույց է տալիս, թե Թուրքիային ակտիվորեն ներքաշում է կովկասյան գործընթացների մեջ, դրանով ճնշում գործադրելով և խաղալով Արևմուտքի և Ռուսաստանի վրա:

Ալիևը անշուշտ այս անգամ էլ ձախողվեց և մեծ հավանականությամբ  Ալիևի հերթական ռազմական պարտությունը Արցախի սահմաններին ճակատագրական հետևանքներ է ունենալու իր և իր երկրի համար: Սպասենք իրադարձությունների ընթացքին: