Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի ֆինանսական միջոցների անօրինական տեղաշարժերի մասին: Ալիևի ընտանիքն արդեն հայտնվել է միջազգային կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Օրերս գերմանական «Suddeutsche Zeitung» պարբերականը «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում» (ICIJ) կազմակերպության հետ համատեղ հրապարակել է Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների փաստաթղթերի հսկայածավալ ցանկ, որը տարածվել է գրեթե բոլոր միջազգային լրատվամիջոցներով:
Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների միջոցով Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամները միլիոնավոր դոլարներ են դուրս բերել երկրից: Եվ ահա բրիտանական պարբերականը բացահայտել է, որ Ալիևի ընտանիքը նման օֆշորային գործարքներ է կատարել նաև բրիտնական ընկերությունների միջոցով` Վիրջինյան կղզիներում:
Պարբերականն անդրադառնում է նախորդ տարի Վիրջինյան կղզիներում Ալիևի դուստրերի հիմնած օֆշորային «Exaltation Limited» կազմակերպությանը, որն, ինչպես թերթն է բնութագրում, ստեղծվել էր «նրանց կուտակած բազմամիլիոնանոց ունեցվածքը պարտակելու նպատակով»։ Գործարքը բարեհաջող իրականացնելու նպատակով օգտագործվում է «Child & Child» բրիտանական ընկերությունը, որը օֆշորային ընկերություն հիմնելու հայտը գրանցելիս «սխալմամբ» նշել էր, որ երկու կանայք` Լեյլա և Արզու Ալիևաները, քաղաքական կապեր չունեն։
«Child & Child» ընկերությունը Ալիևի դստրերի անունով ձեռք է բերում «Exaltation Ltd» ընկերությունը։ Գործարքն իրականացվում է հենց պանամական «Mossack Fonseca» ֆիրմայի միջոցով, որի փաստաթղթերն էլ գաղտնազերծվել են։ «Exaltation Ltd» ընկերության ընդհանուր արժեքը հայտնի չէ, սակայն փաստաթղթերը վկայում են «մեկ միլիոն դոլարից ավելի» հաշվեկշռի մասին:
Լոնդոնաբնակ գործակալ Դերիք Ֆրենչը մեկ այլ դրվագով ներգրավված է եղել Ալիևների ընտանիքին պատկանող այլ գաղտնի հիմնադրամի հաստատման մեջ` որն էլ պանամական տխրահռչակ ֆիրմայի միջոցով հիմնում է UF Universe Foundation ընկերությունը։ Վերջինիս տնօրինության ներքո է ադրբեջանական խոշորագույն Ata Holding կոնգլոմերատը, որը ղեկավարում է ադրբեջանական երկու խոշոր բանկերի, շինարարական ընկերությունների, Բաքվի էլիտար, այնպես էլ հինգ աստղանի Excelsior հյուրանոցը։
AtaHolding-ը հիմնադրվել է 2003թ-ին: Դրա առաջին սեփականատերը Ադրբեջանի հարկային գերատեսչության ղեկավար Ֆազիլ Մամմադովն է` 600 միլիոն դոլար քողարկված մասնաբաժնով։ Փաստաթղթերը բացահայտում են, որ 2005թ-ին Մամմադովը նախաձեռնել է AtaHolding-ի շահույթները Իլհամ Ալիևի երեխաների հետ կիսելու գործընթաց։