տուն Լուրեր Ըստ Ալիեւի ռեժիմի՝ Հայաստան այցելած յուրաքանչյուր ոք իր մնացած կյանքը պետք է...

Ըստ Ալիեւի ռեժիմի՝ Հայաստան այցելած յուրաքանչյուր ոք իր մնացած կյանքը պետք է անցկացնի ադրբեջանական բանտում

147
0

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Ես հետաքրքրությամբ եմ սպասել, ինչպես հիմար ԶԼՄ-ները (այսինքն՝ ադրբեջանական պաշտոնական) կարձագանքեն Երեւանում կայացած իմ երեկվա մամուլի ասուլիսին, որտեղ պատմեցի Հայաստան այցելելու իմ  նպատակի մասին, ինչպես նաեւ կարծիք հայտնեցի, որ Ադրբեջանի ժողովուրդը հոգնել է ալիեւ-փաշաեւներից։

Ահա այսպես, նրանք այսօր գրում են, որ Լապշինը անօրինականորեն այցելել է Հայաստան 2016 թվականին, իսկ ներկայումս նա Հայաստան եւ Ղարաբաղ է այցելում՝ սադրանք անելու նպատակով։  Ամենածիծաղելին այն է, որ 2016-ին ես ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում չեմ եղել եւ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել եմ, որ այս անգամ Արցախ մեկնել չեմ պատրաստվում, քանի որ չեմ ցանկանում դրանով առիթ տալ Ադրբեջանի իշխանություններին շեղել ժողովրդի ուշադրությունը երկրում առկա սոցիալ-քաղաքական լուրջ խնդիրներից ու նրա հրաժարականը պահանջող բողոքի զանգվածային ցույցերից։ Նրանք իրենց միտքն ավարտում են սպառնալիքով՝ թե Հայաստան այցելության եւ Ստրասբուրգի Եւրադատարանում Ադրբեջանի դեմ գանգատ ներկայացնելու համար ես իմ կյանքի մնացած մասը պետք է անցկացնեմ բանտում, իբր նրանց համբերությունն անսահմանափակ չէ,- ֆեյսբուքյան իր էջում  գրել է այս օրերին Երեւանում գտնվող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, նշելով, որ իրենց կյանքի մնացած մասը ադրբեջանական բանտերում պետք է անցկացնեն այդ երկրի իշխանավորները, եւ նրանք պետք է աղոթեն Ալլահին, որ իր հետ ոչինչ չպատահի։

«Այս իրավիճակը կարելի է համեմատել Թուրքիայում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ։ Բայց այստեղ կարեւոր մանրամասն կա։ Դինքը Թուրքիայի քաղաքացի էր։ Իմ պարագայում գործին ակամա առնչվում են Ռուսաստանն ու Իսրայելը։ Նրան չեն սպառնացել ո´չ Էրդողանը, ո´չ Թուրքիայի այլ պաշտոնյաներ։ Ահա թե ինչու նրա վրա հարձակումը որակեցին որպես սովորական քրական գործ։ Իսկ ահա ինձ հետ կապված ցանկացած միջադեպ (հաշվի առնելով հրապարակայնությունը եւ դրանում Ադրբեջանի ղեկավարության մասնակցությունը, ներառյալ Ալիեւի սեփական ինքնաթիռով Մինսկից թռիչքը) կդիտարկվի իբրեւ հաշվեհարդար՝ պատվիրված հենց իր՝ Ալիեւի կողմից։ Դա կարող է դառնալ ռեժիմի ավարտի իրական սկիզբ։ Ընդ որում, դա հարված կլինի նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը նույնպես կապ ունի այդ պատմության հետ»։

Մանրամասները՝ բլոգերի ֆեյսբուքյան անձնական էջում։