«Նշեմ, որ Թրամփը այնքան էլ շատ ճանաչված չէ հայկական լոբբիի հետ իր կապերով: Թրամփը հայտնի է ավելի շատ որպես գործարար, որը կապեր ունի ադրբեջանական քաղաքական էլիտայի հետ՝ կոնկրետ Իլհամ Ալիեւի հետ, ինչպես նաեւ Ալիեւի նախկին խնամիների հետ է բիզնես պրոյեկտների մեջ»: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դիրքորոշմանը:
Միեւնույն ժամանակ քաղաքագետն ասաց, թե ադրբեջանական քաղաքական էլիտայի հետ Թրամփի ունեցած կապերը չեն կարող են մեծ եւ կտրուկ վնասներ ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում կամ Արցախի հիմնախնդրում: «Որովհետեւ ինչքան էլ մենք հիմա կարծենք, որ Թրամփը կարող է կտրուկ փոփոխություններ բերել, շատերի մոտ կարող է այդ տեսակետը լինել: Ես այդ կարծիքին չեմ, իհարկե, վերադասավորումներ արտաքին քաղաքականության մեջ կլինեն, ԱՄՆ-ը կփորձի հարաբերությունները կարգավորել շատ պետությունների, այդ թվում եւ՝ Ռուսաստանի հետ»,- ասաց քաղաքագետը, հավելելով, որ ԱՄՆ-ը կշարունակի նույն քաղաքականությունը Հարավային Կովկասում:
Մեր հարցին, թե ի՞նչ է սպասում ԱՄՆ ներգաղթած հայերին, քաղաքագետը ասաց, թե նրանք խնդիր չպետք է ունենան: «Թրամփը միշտ դեմ է եղել մահմեդականներին, եւ պետք է նշեմ, որ սա այն գլխավոր թեզերից մեկն է, որ ԱՄՆ-ում հենց Թրամփը հաղթեց ընտրություններում: Թրամփը կփորձի բոլորի պահով վերապահումներ անել, բայց նրա հիմնական թիրախը մահմեդականներն են»,- շեշտեց քաղաքագետը:
Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 290-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Փայլակ Ֆահրադյան