Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվեց, որ Երեւանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի «Ելք» խմբակցության անդամ Նաիրա Հովհաննիսյանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ իրենք լիազորություն չունեն որևէ մեկին մանդատից զրկելու, և միայն արդեն իսկ արձանագրված ակտի հիման վրա որոշում են կայացնում, թե ով է փոխարինելու մանդատից զրկված անդամին:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորի մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մայիսի 22-ին Ալեն Սիմոնյանը դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: