Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ելույթ ունենալով վարման կարգով, անդրադարձավ երեկվա նիստի ընթացքում իր և «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, երբ փոխադարձ վիրավորանքներ էին հնչել:
Պատգամավորն այդ վիճաբանությունը շարունակելու համար մեղադրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
«Ճիշտ գործելաոճ չէ` ինտրիգ փնտրել այն ոլորտում, որտեղ ինտրիգ չկա: Մենք ունենք հրաշալի հարաբերություններ: Եղել է թյուրըմբռնում, Պարոն Շահգելդյանի խոսքը ինձ ուղղված չի եղել: Ես ափսոսում եմ, որ էմոցիոնալ ռեակցիա է եղել: Դա շատ աշխատանքային միջադեպ է: Խորհուրդ կտայի որևէ մեկին չմխրճվել մեր հարաբերությունների մեջ, որոնք եղել են բարիդրացիական և ընկերական»,- ասաց Արզումանյանը:
«Լրատվությունը փնտրտուքի մեջ է: Միշտ էդպիսի խնդիրներով փորձում է անընդհատ իր ծրագրերը իրագործել»,- ի պատասխան Արզումանյանի` ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: