«Խոզի, տավարի, հավի մսի, բուսական յուղի, կարագի, այլուրի և մի շարք այլ շուկաների պարագայում ներմուծվող ապրանքը վաճառվում է 100-ից մինչ 255 տոկոս ավելի գնով, այսինքն` տեղի է ունենում գերշահույթ, որից կարող ենք ենթադրել, որ գերշահույթ ստանում են ներկրողները։ Հիմա կարող ենք փաստել, որ դուք` որպես հանձնաժողով, թերացել եք իշխող դիրքի չարաշահման դեմ պայքարում»,- այսօր Ազգային ժողովում նման հարց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ուղղեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյաին, ով ներկայացնում էր ՏՄՊՊՀ 2015 թվականի գործունեության ծրագիրը։
Շաբոյանը, սակայն, համամիտ չէ պատգամավորի հետ։ Նա վստահեցնում է, որ պարենային շուկաների հետ կապված բոլոր տեղերում ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ արել է, քանի որ Զուրաբյանի նշած շուկաներն ունեն սոցիալական նշանակություն, իսկ գերշահույթին անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագան ասաց.
«Համաձայն օրնեսդրության` շահույթի չափը չարաշահման հիմք չի հանդիսանում, և մեր երկրում տնտեսվարողների շահույթը չի կարող հիմք հանդիսանալ, որ մենք այն դիտարկենք որպես չարաշահում։ Ես նաև պաշտոնապես հայտարարում եմ, որ այն շուկաները, որոնք Դուք ներկայացրեցիք և նշեցիք, որ 100-200 տոկոս շահույթ են ստանում, իրատեսական չէ և չի համապատասխանում իրականությանը»,- պատասխանեց Շաբոյանը` հավելելով, որ մեր երկրում չկան այնպիսի ոլորտներ, որ նման շահույթներ ունենան։
Ապա պատգամավորը անդրադարձավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի այն հայտարարությանը, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը մենաշնորհ ձևավորել է բնական գործընթացով, քանի որ այդ գործարանն այլ բան չէր կարող լինել։ «Այստեղ դու խնդիր ունես Սահմանադրության հետ՝ հոդված 33,1-ում գրված է, որ մրցակցության սահմանափակումը մենաշնորհ է, և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, ինչը նշանակում է, որ եթե անգամ նման բնական վիճակ ստեղծվել է, ապա այդ վիճակը կարող էր օրենքով ընդունվել, եթե մեկը օրենքով օրինականացներ ԱԺ-ում»,- նկատեց Զուրաբյանը։
Բայց ՏՄՊՊՀ նախագահը կրկին այլ կարծիք ունի և այս անգամ որոշեց խոսել օրենքի լեզվով։ Նա գտնում է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը շուկայում մենաշնորհով չի զբաղվում, քանի որ շուկայում շաքարավազ ներկրող այլ փոքր ընկերություններ կան։ «Համաձայն մրցակցության պաշտպանության օրեսդրության` մենաշնորհը դա այն երևույթն է, որին պատկանում է շուկայի 100 տոկոսը։ Եթե օրենքի տեսանկյունից վերցնենք, ապա պետք է նշեք, որ շաքարավազի շուկայում կան նաև այլ փոքր ներկրողներ։ «Ալեքս գրիգ» ընկերությանը պատկանում է 90 քանի տոկոսը»,- ներկայացրեց Արտակ Շաբոյանը։
Զուրաբյան էլ պատասխանեց, թե Շաբոյանի խոսքից կարելի է հասկանալ, որ մենաշորհի համար ստեղծել է սողոսկելու տարբերակներ։ Նա վստահ է` մենաշնորհն օրինականացման մի փայլուն հնարք է, քանի որ ընդամենը պետք է թողնեն մի փոքր տնտեսվարող, ով կունենա մեկ տոկոս և հայտարարել, որ շուկայի 98 տոկոս տիրապետումը մենաշնորհ չէ։