Կարծում եմ ծառայողական ավտոմեքնաների կրճատումը նպատակահարմար է և այդ ավելորդ ավտոմեքենաներից ազատվելը նաև որոշակի ծախսերի տնտեսում կարող է լինել: Ուղղակի պետք է որոշել՝ որ պաշտնյաները կարող են օգտվել ծառայողական ավտոմեքենաներից իսկ ովքեր չեն կարող: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ալավերդյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու հիմա միայն սկսվեց նման կրճատումները, արդյոք նախկինում մեր երկրի սոցիալ տնտեսական վիճակն ավելի լավ էր. «Ես ակնկալում էի, թե ինձ եկամուտներից հարցեր կտայիք, բայց ասեմ, որ միշտ էլ մեր երկրում գործուղումների, ծառայողական մեքենաների թեման միշտ էլ բարձրացվել է, կարելի է 2016 թվականին այդ ճանապարհով գնալ և գնալ որոշակի տնտեսումների: Դա իմ անձնական կարծիքն է»,- ասաց Ալավերդյանը:
Հարցին, թե ինքն ապօրինի մենաշնորհի առկայություն Հայաստանում տեսնո՞ւմ է, քանի որ այդ մասին օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հայտարարությունում է ասել, Ալավերդյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, մենաշնորհ հասկանում եմ, ապօրինի մենաշնորհը չմեկնաբանեմ, և ինչու եք դա անպայման կապում պարոն Աբրահամյանի հետ: Ավելին ասեմ՝ ես կարդացել եմ ու ծանոթ եմ կառավարության գործունեության ծրագրին, որտեղ հստակ այդ մասին նշվում է, ուղղակի կարծում եմ մենաշնորհի մասին կարող է խոսք գնալ»: Ճշտող հարցին, թե արդյոք իրենց գերատեսչությունն է վարչապետին տվել նման տեղեկատվություն, թե մեր երկրում ապօրինի մենաշնորհ կա, Ալավերդյանը նշեց. «Կառավարությունը տեղեկատվական մեծ հոսքերի է տիրապետում, և պետական տարբեր մարմիններ կարող են տեղեկատվություն տրամադրել: Հանրապետության վարչապետը մի աղբյուրից չի օգտվում, նա օգտվում է տեղեկատվական բազմազան աղբյուրներից»: Հարցին, թե արդյոք ինքն իր աշխատանքային երկարատև տարիների ընթացքում տեսել է ապօրինի մենաշնորհ, կրկնեց, որ ինքը մենաշնորհի մասին կարող է խոսել իսկ Հովիկ Աբրահամյանի առաջ քաշած ապօրինի մենաշնորհը չի հասկանում: