Մարդիկ շարունակում են բողոքել իշխանությունների և տարբեր գերատեսչությունների աշխատանքներից: Իսկ բողոքի արտահայտման ձևերը տարբեր են լինում՝ երբեմն շատ մասսայական՝ տարատեսակ միջադեպերով, երբեմն էլ՝ ավելի հանգիստ ու յուրօրինակ: Օրինակ` Վարդգես Գասպարին որոշեց գետնին պառկած իր բողոքն արտահայտել, Արտակ Գևորգյանը՝ թղթե տանկով ԱԱԾ-ի դարպասին հարվածելով: Իշխանության ներկայացուցիչներն էլ փորձում են իրենց յուրօրինակ ձևերով կանխել բողոքի այդ ակցիաները:
Իսկ հնարավո՞ր է, որ մեղադրանքը և ակտիվիստների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը քաղաքական ենթատեքստ ունենա: Հարցին՝ Araratnews.am-ի հետ զրույցում պատասխանեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը.«Տեսնելով, որ իրավական ճանապարհով հնարավոր չէ ոչնչի հասնել, մարդիկ դիմում են նման բողոքի ակցիաների: Պատասխանները, մենք տեսնում ենք, որ որոշ դեպքերում էլի ոչ իրավական է լինում: Մեր օրենսդրությունը մեկնաբանության այնքան լավ հնարավորություն է տալիս, որ այդ ամենին կարելի է իրավական շապիկ հագցնել: Սա իհարկե քաղաքական է, որ ամեն փոքր քայլի համար վախի մթնոլորտ ստեղծեն»:
Նշենք, որ ակտիվիստ Արտակ Գևորգյանին, օրինակ՝ հնարավոր է ձերբակալեն թղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու համար:
Ակտիվսիտը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ սկզբից իրեն կանչել են որպես կասկածյալ, իսկ հաջորդ օրն արդեն կասկածյալի կարգավիճակը փոխել են մեղադրյալի կարգավիճակով.«Երկու խուլիգանության հոդված է եղել՝ մեկը ՄԻՊ-ի դռան համար, մյուսն էլ ԱԱԾ-ի համար: Երեկ չէ առաջին օրն ինձ կանչեցին ոստիկանություն ու ՄԻՊ-ի գործը կարճեցին, որովհետև իրեղեն ապացույցներ չկար, իսկ տանկի գործը թողեցին անփոփոխ»:
Արտակի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ իր դեմ մեղադրանք է ներկայացվում.«Չգիտեմ դեռ ինչ եմ անելու, դեռ սպասում եմ: Դե, սա առաջին դեպքը չէ, որ դատարան են ուղարկում: Մյուս գործով 116 հազար դրամ տուգանք սահմանվեց, հանրությունը մեզ օգնեց` վճարեցինք: Հիմա եվրոդատարանում է գործը, բայց դեռ չգիտենք` ինչ կլինի:
Չէի սպասում ԱԱԾ-ի կողմից մեղադրանքի, չէի կարծում, որ ԱԱԾ-ն տենց թույլ կառույց է ու ես էլ էդպիսի վախի մթնոլորտ եմ ստեղծել, վախեցել են: Կարող է ոստիկանության համար նման բան մտածեի, բայց ոչ ԱԱԾ-ի:
Ինչի՞ ինձ վարչական պատասխանատվության ենթարկեցին, որովհետև մենք ուժ ունենք, ինչի՞ համար են ուզում քրեական գործ հարուցել, որովհետև վախի մթնոլորտ ենք ստեղծել, որովհետև արվեստն ուժ ունի, եթե թույլ բան լիներ, ուղղակի կարող էին արհամարհել: Բայց թույլ չի եղել, արհամարհել չի եղել, ոնց որ ասում է ոստիկանը՝ ես ապատժելիության մթնոլորտ եմ ստեղծում»:
Մեր այն հարցին՝ բացի մեղադրանքից, այլ քայլերի, կամ ճնշումների սպասում է՝Արտակ Գևորգյանը պատասխանեց.«Իշխանության՝ հիմնականում ոստիկանության կողմից թեթև վախեցնել եղել է, հետապնդումներ եղել է, տակը մնացել է սպանելը կամ նստեցնելը»:
Ինչ վերաբերում է՝ ԱԱԾ-ի դարպասին հարվածելու գործում քաղաքական ենթատեքստին՝ քաղաքագետ Արծրուն Պեպանյանը նշեց.«Կդժվարանամ ասել՝ քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ: Նախորդ անգամ մեքենայով էին խփել այդ նույն դարպասին ու ծռել, արդյոք պատասխանատվության ենթարկվել է դա իրականացնողը, թե ոչ: Եթե կպարզվի՝ չէ, ուրեմն մենք այստեղ մտածելու բան ունենք: Ստացվում է, որ մեքենայով կարելի է, իսկ թղթե տանկով չէ: Եթե մեքենայով կարելի է խփել ու պատասխաանտվության չենթարկվել, ինչ է թե ինչ որ ստատուս ունի, սա նշանակում է, որ օրենքը երբ ուզում` աշխատացնում են»: