տուն Լուրեր Ակնհայտ սուտ մատնության գործով նախաքննությունն ավարտվել է

Ակնհայտ սուտ մատնության գործով նախաքննությունն ավարտվել է

154
0

OLYMPUS DIGITAL CAMERA

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Հայկ Վ.­-ն, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին, կատարել է սուտ մատնություն: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայկ Վ.­-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ քննիչի կանչով ներկայացել է հարցաքննության, վերջինս իրեն 9 ժամ շարունակ ապօրինի ազատությունից զրկել է` պահելով հիշյալ քննչական վարչությունում, իսկ հարցաքննությունը տևել է ընդամենը 1 ժամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Բացի այդ, հարցաքննության արձանագրության տակ թեև ինքը ստորագրել է, սակայն քննիչին տեղեկացրել է, որ գրել­կարդալ չգիտի, իսկ հետագայում պարզել է, որ քննիչն իր տված ցուցմունքում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Հայկ Վ.­-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջինիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Մասնավորապես` կատարված մի շարք քննչական գործողությունների արդյունքում հերքվել են Հայկ Վ.­ի կողմից մատնանշված՝ իրեն տևական ժամանակ՝ շուրջ 9 ժամ ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տվյալները: Կատարված քննությամբ հերքվել են նաև Հայկ Վ.­ի հաղորդման մեջ նշված` քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու վերաբերյալ տվյալները: Այս կերպ՝ Հայկ Վ.-­ն քննիչ Վ.Հովհաննիսյանին անհիմն մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-­րդ հոդվածի 3­-րդ մասի 1­-ին կետով նախատեսված ծանր հանցագործության մեջ, այն է՝ քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309­-րդ հոդվածի 1­-ին մասով նախատեսված հանցագործության մեջ, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը` ապօրինի ազատությունից զրկելու եղանակով: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել քննիչ Վ. Հովհաննիսյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Հայկ Վ.­-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-­րդ հոդվածի 2-­րդ մասի 1-­ին կետով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: