Աշխարհի խոշորագույն ավիաընկերութույններից մեկի՝ Air France-ի օդաչուները երկարաձգելու են իրենց գործադուլը մինչև շաբաթվա վերջ և չեն պատրաստվում դադարեցնել այն այնքան ժամանակ, մինչև չհասնեն ընկերության զարգացման ծրագրերի փոփոխության: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Air France-ի օդաչուների խոշորագույն արհմիության՝ SNPL-ի ղեկավար Ժան Լուի Բարբերը:
«Մինչև ղեկավարությունը չփոխի իր փիլիսոփայությունը, մինչև չգնա իրական բանակցությունների և չվերանայի Transavia Europe մասնաճյուղի զարգացման նախագիծը, Air France-ի օդաչուները շարունակելու են իրենց գործադուլը», — նշել է Բերբերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ բողոքի գործողությունը ավարտվելու է սեպտեմբերի 21-ին, ապա վերջնաժամկետը հետձգվեց մինչև սեպտեմբերի 26-ը: Ուղևորափոխադրող ընկերությունների ազգային արհմիությունը պնդում է, որ չեն իրականացվում բոլոր թռիչքների կեսից ավելին:
Բողոքի գործողությունը սկսվել է սեպտեմբերի 15-ին: Օդաչուները պահանջում են նաև բարելավել իրենց աշխատանքային պայմանները և ավելացնել աշխատավարձերը։