ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 19-ին անցկացվեց Փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը զեկուցեց քարաթափման վերաբերյալ կատարված վերլուծության մասին, որը սահմանված կարգով ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին:
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարեց 5-օրյա ժամկետում տրամադրել իրենց կողմից սպասարկվող տարածքներում առկա հրդեհավտանգ և քարաթափման վտանգ պարունակող տեղամասերի ցանկը:
Գնդապետ Նահապետյանի խոսքով, անընդհատ պետք է բարձրացնել հրդեհի և քարաթափման վերաբերյալ ներկայացվող վերլուծությունների որակը:
Արտակ Նահապետյանը հանձնարարեց բոլոր օղակների փրկարար ծառայողներին ուսուցանել իրենց վերադասի ֆունկցիոնալ պարտականությունները, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի պատշաճ կերպով փոխարինել վերադասին:
Փրկարար ծառայության տնօրենը կոչ արեց փրկարար ծառայողների շրջանում խրախուսել բարձրագույն կրթությունը, և հատկապես Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որտեղ փրկարար ծառայողները հնարավորություն կստանան բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ կատարելագործել նաև հրշեջ-փրկարարական պրակտիկ հմտությունները:
Գնդապետ Նահապետյանը «911» ծառայությանը հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ գնդապետ Նահապետյանը տվեց կարգապահության և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ: