ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Արտակաըգ իրավիճակների նախարարության որոշ գործառույթներ Շրջակա միջավայրի նախարարությանը վերապահելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Դրանք հիմնականում հիդրոմետ ծառայության գործառույթներն են:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հուլիսի 10-ի նիստում քվեարկությամբ:
Ինչպես արդեն նշել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ խոսքը վերաբերում է հիդրոմետ ծառայության գործառույթները՝ օդերևութաբանության և մթնոլորտային ակտիվ ներգործության գործառույթները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելուն: Հավաքագրվում են շրջակա միջավայրի մոնիտորինգի հետ առնչվող բոլոր գործառույթները: Նախկինում որոշ գործառույթներ վերապահված էին Շրջակա միջավայրի նախարարությանը (նախկին բնապահպանության նախարարություն), որոշ գործառույթներ, մասնավորապես, անտառային մոնիտորինգի մասով՝ Գյուղատնտեսության նախարարությանը, որոշ գործառույթներ, հիդրոմետ ծառայության մասով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Հիմա այս երեք ՊՈԱԿ-ները միավորվում են, ինչի արդյունքում կստեղծվի Շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր կենտրոն, որը տեխնիկական վերազինման և կարողությունների վերազինման արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրի շրջակա միջավայրի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն:
Ներկայումս արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում քաղաքականության մշակումն ու իրականացումը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել ԱԻՆ-ին վերապահված այդ գործառույթները:
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ ձայներ չկային: