Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի խորհրդական Ահմեդ Սեւերը գիրք է գրել «12 տարի» վերանգրով, որտեղ ներկայացրել է Գյուլի պաշտոնավարած տարիները:
Սեւերը գրքում անդրադարձ է կատարել նաեւ Գյուլի երեւանյան այցին ու հայ-թուրքական արձանագրություններին: CNN Turk-ի «Ամեն ինչ» հաղորդմանը հյուրընկալվելիս Սեւերը որոշ դրվագներ է պատմել 2008 թ-ի Գյուլի հայաստանյան այցի նախօրեից: Ըստ նրա՝ Գյուլի այցելությանը դեմ են եղել թուրքական իշխանության բոլոր կարեւոր օղակները՝ այն ժամանակվա վարչապետ Էրդողանը, արտգործնախարարությունը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
«Ընդունելություններից մեկում, այնժամանակվա վարչապետ Էրդողանը մոտեցավ նախագահ Գյուլի գլխավոր օգնականին ու ցույց տալով գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշքուին, ասաց, նա էլ չի ուզում, որ դու Հայաստան գնաս: Չնայած որ Գյուլը միայնակ էր մնացել, այնուամենայնիվ գնաց»,-ըստ Ակոսի, հաղորդմանն ասել է Սեւերը՝ խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու համար՝ Գյուլի Երեւան այցելության մասին:
«Այս գործընթացը բացեց դեպի արձանագրություններ տանող ճանապարհը»,- նշել է նա: Ըստ Սեւերի Գյուլի համար կարեւորագույն խնդիրներ են եղել քրդական, հայկական եւ կիպրական հարցերը:
«Նախագահը կարծում էր, որ հայկական, քրդական, կիպրական հարցերը ամենակարեւորն են: Նա մտածում էր, որ այս հարցերը գնալով վերածվում են գանգրենայի, ու կարծում էր, որ հարցի լուծումով ճանապարհ կբացվի, եւ որ իր՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում այցելությունը, կբացի այդ գործընթացները: Շատերը խորհուրդ տվեցին, որպեսզի նա հետ կանգնի Երեւան այցելության մտքից: Արտգործնախարարությունը չէր ցանկանում, որ նա գնար: Նրանք մտահոգված էին, որ դա կարող էր վնասել անվտանգությանն ու Ադրբեջանի հետ հարաբերություններին: Բայց միեւնույն է Գյուլն ասաց՝ Ես պիտի գնամ»,-պատմել է Սեւերը: