Araratnews.am-ի խմբագրություն էր զանգահարել Չեխովի դպրոցի աշակերտներից մեկի ծնողը եւ դժգոհում, որ երեխայի դասղեկը դասարանցիներից յուրաքանչյուրից 2000-3000-ական դրամ գումար է հավաքում՝ Ղարաբաղ ուղարկելու պատրվակով, հավելելով նաեւ, որ իրենց ընտանիքը խիստ ցավում է Արցախյան վերջին օրերի իրադարձությունների համար եւ նաեւ օգնություն է ուղարկել կռվող տղաներին։
Դրամահավաքի հետ կապված տեղեկատվությունը պարզաբանելու համար զանգահարեցինք Չեխովի դպրոց, որտեղից փոխտնօրենը մեզ պատասխանեց, որ Ղարաբաղ օգնություն ուղարկվել է, բայց ոչ թե գումարի, այլ հագուստի տեսքով.«Այս օրերին բոլորն էլ սահման ուղարկելու համար ինչ-որ բաներ հավաքել են: Մեր դպրոցում էլ հավաքել ենք հագուստ, անհրաժեշտ պարագաներ և ուղարկել ենք: Իսկ, որ գումար ենք հավաքել՝ ես առաջին անգամ եմ լսում»:
Մենք փորձեցինք հարցի հետ կապված պարզաբանում ստանալ նաեւ ԿԳՆ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանից։ Նա ասաց, որ նման դեպքի մասին ահազանգ չեն ստացել. «Բոլորը հիմա կամավոր են հավաքում, առաջին անգամ եմ լսում, որ որևէ տեղ պարտադրում են գումար հավաքել»: