Իրաքյան ուժերը հայտարարել են, որ «Իսլամական պետության» տասնյակ զինյալներ են սպանվել անվտանգության ուժերի ռազմական գործողությունների և օդային ուժերի հարվածների արդյունքում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ի հենակետերը ռմբակոծության են ենթարկվել, մասնավորապես, Բայջի, Ռամադի, Ֆալլուջա քաղաքներում: Օդային հարվածներն ուղեկցվել են ցամաքային ռմբակոծություններով:
Մյուս կողմից երկրում շարունակվում են բարեփոխումների պահանջով հանրահավաքները:
Իրաքյան ուժերը հայտարարել են, որ Իրաքի օդուժը կանխել է ահաբեկիչների հարձակումը Ֆալլուջա քաղաքի թաղամասերից մեկի վրա: Ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են ահաբեկչական կազմակերպության զենքերը, ինչպես նաև տասնյակից ավելի ահաբեկիչներ:
Իրաքի պաշտպանության նախարարության տեղեկություններով, ԻՊ-ի մի քանի մեքենաներ են ոչնչացվել Անբարի նահանգում: