Հայոց բանակի պրոֆեսիոնալիզմը բարձր է, տարբերակ էլ չունի բարձր չլինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Շիրինյանը հորդորում է փոխել այն մտածելակերպը, իբր Ալիևը փողի համար չի գնա կռվի:
«Եթե այդպես լինի, Հիտլերին փո՞ղն էր պակաս: Ալիևը չի ափսոսի փողը: Նա հենց պատերազմի համար էլ կուտակում է իր փողերը: Կարծում եմ` քաղաքական ղեկավարությունը պետք է վերանայի գործունեությունը: Նաև պետք է նայել ՌԴ-ի իրավիճակը: Այն այսօր ծավալվում է: Սիրիա նա չի մտել ոչ եզդիների ցեղ կանխելու համար, ոչ էլ` այլ նպատակներով: Նա այնտեղ բազավորվում է, որ փակի թուրքական ջրուղիների վնասը: Ռուսական այս քաղաքականությունը մեզ ձեռնտու է, բայց ուսուցանելի է մեզ համար»,- նշեց նա:
Ըստ քաղաքագետի` Արցախի հարցում պետք է բանակցային գործընթացը փոփոխություններ կրի:
«Արցախի շահերը ներկայացնողը Հայաստանը չէ: Արցախը ևս պետք է ներառվի բանակցային գործընթացում: Մենք պետք է Արևելյան Հայաստանը անվանենք հայության ռազմաճակատ: Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցնենք»,- նկատեց նա:
Սա, ըստ քաղաքագետի, իրատես քաղաքականության մեջ է մտնում:
«Բանակը պետք է իր բաղադրատոմսի մեջ մտցնի ակնթարթային պատերազմի գնալը: Այս իմաստով շատ ողջունելի են Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունները, որոնց մեջ ակնթարթային պատերազմի տարրեր էին պարունակվում: Արվեց հայտարարությունը, և քանի օր է` խաղաղ է»,- իր խոսքում ասաց Շիրինյանը:
Նա կոչ արեց ԱԳՆ-ին՝ աշխատել ՊՆ-ի կատարած աշխատանքի գոնե կեսի չափով:
«Չի կարելի ամեն ինչ թողնել բանակի վրա: Շնորհակալութուն պետք է հայտնենք այն զինվորներին, որոնք փայլուն կատարում են հանձնարարությունները: Սահմանադրությունների անընդհատ փոփոխության փոխարեն պետականության նորացում է մեզ պետք»,- նշեց նա:
Քաղաքագետը, պատասխանելով Ռուսաստանի` որպես Հայաստանի դաշնակից, պահվածքի և հայ- ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին, ասաց.
«Սա մեր խնդիրն է, բայց քաղաքականության մեջ դաշնակիցներ ունենալը պարտադիր է: Սակայն, եթե դաշնակիցը մեկն է՝ նա մատերի վրա ֆռացնելու է նրան: Առհասարակ, դեմ եմ որևէ օտար «սապոգի»` մեր սահմանին և շփման գծում տեղակայելու համար: Կարծում եմ` նույնը կուզեն նաև ադրբեջանցիները: Մենք իրավունք չունենք որևէ օտարի վրա հույս դնել: Մենք կգնանք ուրիշ տեղ խաղաղապահության, բայց մեզ մոտ նրանք չպիտի լինեն»: