Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Բաղրամյան գյուղի աշակերտների թունավորման պատճառը բուֆետի սնունդն է եղել: Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Սոս Բենիամինյանը տեղեկացրեց, որ այս պահին Արտաշատի բժշկական կենտրոնում գտնվում է 38 աշակերտ:
Մեզ հետ զրույցում գյուղապետը նաև նշեց, որ թունավորումը գրանցվել է ամբողջ դպրոցում. միայն 5-րդ դասարանի աշակերտները չէ, որ թունավորվել են: «Թունավորվածների ընդհանուր քանակը կազմում է 38 հոգի: Նրանք բոլորն էլ տեղափոխվել են հիվանդանոց և հիմա գտնվում են այնտեղ: Թունավորման պատճառն էլ սնունդն է եղել: Երեխաները կարող էին թունավորվել ոչ միայն նրբերշիկից, այլև բուֆետում կերած շատ այլ ուտելիքներից»,-նշեց գյուղապետը:
Մեր այն հարցին, թե քանի աշակերտ է դուրս գրվել հիվանդանոցից՝ գյուղապետը պատասխանեց, որ կան աշակերտներ, որոնց վիճակը հիմա լավ է, սակայն բժիշկները դեռ թույլ չեն տալիս ոչ ոքի դուրս գրել:
Քիչ անց մեզ հայտնի դարձավ, որ հիվանդանոց են տեղափոխվել նաև Այգեզարդ գյուղից: Թունավորվածների թիվն այս պահի դրությամբ 46 է։