տուն Լուրեր Աղձքի դպրոցում աշխատում են նախկին տնօրենի կինը, տղան, հարսը եւ եւս 4...

Աղձքի դպրոցում աշխատում են նախկին տնօրենի կինը, տղան, հարսը եւ եւս 4 բարեկամ

127
0

Marzpet

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պնդում է, որ Աղձք համայնքի դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  նշանակված անձը իր սանիկը չէ, եւ ինքը նրան չի էլ ճանաչում:

Նշենք, որ Աղձք համայնքում այսօր աշակերտները դասադուլ էին արել: Պատճառը դպրոցի արդեն նախկին տնօրեն Հարություն Սուքիասյանի հեռացումն ու նոր տնօրենի նշանակումն էր, որը, ըստ համայնքի բնակիչների, դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի սանիկն է:

«Բացարձակ կապ չունեմ այդ աղջկա հետ, չեմ էլ ճանաչել: Ինքը ավարտել է գերազանց եւ աշխատում է: Բացի դա, դպրոցի տնօրենի համար մրցույթ է հայտարարվել, եւ մրցույթի ժամանակ է որոշվելու, թե ով կլինի տնօրեն: Կապ չունի, թե ժամանակավոր պաշտոնակատարն ով է, ով չի»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը:

Բնակիչների դժգոհությանը, թե մարզպետն իր ծննդավայրից է «մարդ բերել» (Գաբրիել Գյոզալյանը ծնունդով Փարպիից է — խմբ.), Գյոզալյանը հակադարձում է. «Էդ աղջիկը, որ նշանակվել է, մայրը Աղձք գյուղից է, հայրը՝ Փարպիից, այսինքն՝ էլի ընտրվել է իրենց գյուղի բնակիչ»:

Մարզպետի խոսքով՝ Աղձք համայնքի դպրոցի աշխատակազմից որևէ մեկը չունի հավաստագիր, բացի նախկին տնօրենից, որի պաշտոնավարման ժամկետը, սակայն, լրացել է:

«Ամբողջ գյուղում չկա հավաստագիր ունեցող անձնավորություն, ես որ ուզենամ էլ գյուղից նշանակեմ՝ չեմ կարողանա: Դպրոցի տնօրեն լինելու համար կա երկու պայման՝ մեկը վերջին տասը տարվա ընթացքում պիտի ունենա 7 տարվա մանկավարժական ստաժ, մյուսը՝ կրթության նախարարությունից հավաստագիր»,- շարունակեց Գյոզալյանը, հավաստիացնելով, որ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված տնօրենն ունի հավաստագիր:

Դաշնակցական մարզպետը վստահ է, որ նախկին տնօրենը շահագրգռված է այդ դպրոցում աշխատանքը շարունակել, քանի որ նրա 7 բարեկամներն այդտեղ են աշխատում:

«Դպրոցում աշխատում են նախկին տնօրենի 7 բարեկամներ, անուն-ազգանունով կարող եմ ասել: Նախկին տնօրենը շահագրգռված է աշխատել, որովհետև իր  ազգուտակն էդ դպրոցում է աշխատում: Եվ դասավանդում են, եւ սպասարկման անձնակազմում են»,- նշեց Արագածոտնի մարզպետը, հավելելով. «Բոլոր տեղերում էլ էդպես ա. երբ վարչապետի հանձնարարականով մոտեցում ես ունենում, բնականաբար, բախվում  ես իրենց շահերին, եւ էս կարգի սուտ ինֆորմացիաներ են տարածում»:

Գյոզալյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցի նախկին տնօրենի, ինչպես նաեւ պատգամավոր Արագած Ախոյանի հետ եւ նրանց ներկայացրել, որ որևէ անօրինական որոշում չի կայացվել:

Araratnews.am-ը թեմայի շուրջ զրուցեց նաեւ Աղձք համայնքի նախկին ղեկավար հանրապետական Արսեն Ավդալյանի հետ: Տեղեկացնենք, որ համանքի ներկայիս ղեկավարը դաշնակցական է:

Արսեն Ավդալյանի կարծիքով՝  աշակերտները ճիշտ են վարվել  դասադուլ անելով:

«Նախկին տնօրենը շատ պատրաստված անձնավորություն էր, մարզպետը բերել է մի անձնավորության, որը նույնիսկ հավաստագիր չունի»,- նշեց համայնքի նախկին ղեկավարը:

Մեր հարցին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձը Գյոզալյանի սանի՞կն է, Ավդալյանն ասաց. «Հա, իր սանիկն է, մարզպետի սանիկն է, ինձ շատ մոտ մարդ է ասել: Սխալ է դպրոցի ուսուցչին անտեսել եւ դրսից մարդ բերել»:

Հակադարձելով Արագածոտնի մարզպետի ասածին, թե դպրոցի որևէ ուսուցիչ հավաստագիր չունի, Արսեն Ավդալյանը պատասխանեց. «Պարոն մարզպետը չգիտի երևի, որ իմանար՝ չէր ասի»:

Համայնքի նախկին ղեկավարը չհերքեց Գաբրիել Գյոզալյանի այն հայտարարությունը, որ նախկին տնօրենի 7 բարեկամներն այդ դպրոցում են աշխատում:

«Ես չեմ ասում՝ Գաբրիել Գյոզալյանը, բայց նման խոսակցություն տարածողները գլուխը պատին են տվել: Ընդհանրապես համայնքներում բնակիչներն իրար բարեկամ են: Դեմ չեմ, աշխատում են ինքը, կինը, իր տղան, հարսն էլ դպրոցում աշխատելուց հարսը չի եղել, ինքը հետո է կամեցել իր տղային էդ աղջկան: Հիմա ի՞նչ եղավ՝ ինքը բերեց, հարսին նշանակեց ուսուցչուհի՞»,- շարունակեց Արսեն Ավդալյանը, հավելելով, որ դասադուլը շարունակվելու է եւ ավելի է թեժանալու:

Շողիկ Գալստյան