Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի խաղողագործները, ովքեր դեռեւս նախորդ տարի իրենց խաղողը հանձնել են «Վեդի Ալկո» ընկերությանը եւ մինչ այսօր գումար չեն ստացել, հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Նրանք ի նշան բողոքի հավաքվել են գյուղի կենտրոնում, ինչպես նաեւ այսօր դպրոց եւ մանկապարտեզ չեն ուղարկել իրենց երեխաներին: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Աղավնաձոր համայնքի բնակիչ Ասատուր Ասատրյանը:
«Մեզ մարզպետը խոսք էր տվել, որ էդ հարցը 15 օրվա ընթացքում կկարգավորվի, բայց հասկացանք, որ մարզպետն էլ հնարավորություն չունի նման հարցեր կարգավորելու: Մենք գնացինք էդ քայլին, որ մարզպետարան, գյուղապետարան եւ դպրոց չաշխատեն, ուրիշ ձեւ չունենք»,- ասաց Ասատրյանը: Նա նաեւ նշեց, որ այսօր կեսօրին հանդիպելու են Գինեգործների միության նախագահի հետ:
Հարցին, թե նորանշանակ վարչապետին դիմե՞լ եք, Աղավնաձոր համայնքի բնակիչն ասաց, թե դեռ ոչ: Այս քայլին չեն դիմում նաեւ այն պատճառով, որ կառավարության խոստումներին այլեւս չեն հավատում: Ասատուր Ասատրյանն ասաց, թե հանդիպել էին նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նույնպես խոստացել էր հարցին լուծում տալ:
Հիշեցնենք, որ «Վեդի Ալկո» ընկերությունը հրաժարվում է վճարել մթերված խաղողի դիմաց, պատճառաբանելով, թե ֆինանսական միջոցներ չկան: Սեպտեմբերի 1-ին նույնպես աղավնաձորցիները ի նշան բողոքի երեխաներին դպրոց չէին ուղարկել: