տուն Լուրեր Ադրբեջանում մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի են վատանում

Ադրբեջանում մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի են վատանում

98
0

0011(1)

Մինչ հայկական մամուլը քննարկում է ԱՎԾ-ի հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի Հայաստանի տնտեսությունը հունվար-փետրվար ժամանակահատվածում տնտեսական աճ է ապահովել, ինչպես նաև մի շարք ցուցանիշների գծով բարելավման միտումներ է գրանցում, Ադրբեջանում ընդհակառակը, տնտեսության վիճակը շարունակվում է վատթարանալ:

Համաձայն Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի, հունվար-փետրվարին ՀՆԱ-ի անկումը ադրբեջանական մանաթով արտահայտված կազմել է 3,2 տոկոս: Անկումը ոչ միայն նավթային սեկտորի թուլացմամբ է պայմանավորված, այլ նաև ոչ նավթային սեկտորի, որի անկումը իր հերթին կազմել է 5,5 տոկոս: Նվազել է նաև 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 4,3 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 31 տոկոսով նվազել են ուղղակի ներդրումները ֆիքսված կապիտալում:

Արդյունաբերությունը աճ չի կարողացել ապահովել, սակայն 2,6 տոկոս աճ է գրանցել գյուղատնտեսությունը և 2,3 տոկոս ծառայությունների ոլորտը, իսկ առևտրի ծավալները Ադրբեջանում աճել է 4,2 տոկոսով:

Վիճակը ավելի անմխիթարական է Ադրբեջանի պետական բյուջեի ցուցանիշների առումով, հունվարի դրությամբ եթե բյուջեի եկամուտները նվազել են նախորդ ժամանակահատվածի նկատմամբ 20 տոկոսով, ապա բյուջեի ծախսերը կրճատվել են ոչ ավել, ոչ պակաս 60 տոկոսով: Սպառողական գների ինդեքսը աճել է 11,7 տոկոսով, այսինքն Ադրբեջանում գնաճային լուրջ ճնշումները շարունակվում են:

Միաժամանակ, ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների, հունվար ամսվա դրությամբ կրճատվել է նաև արտահանման ծավալները՝ 26,3 տոկոսով, ինչպես նաև ներմուծումը՝ 23,3 տոկոսով: Վրաստանում նույնպես արտահանման ծավալների անկում կա, հունվար-փետրվար ժամանակահատվածի համար 13,2 տոկոսով նվազել է արտահանումը, սակայն 1,3 տոկոսով աճել է ներմուծումը: Հիշեցնենք, Հայաստանի արտաքին առևտրի տվյալները հունվար-փետրվարի համար՝ արտահանումը աճել է՝ 23,6 տոկոսով, սակայն ներմուծումը նվազել է՝ 12,2 տոկոսով: