Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ` մայիսի 5-ին ընդունել է Բաքու ժամանած Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորել է Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Հալիպ Մենդին, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրքական պատվիրակության անդամներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին:
Հասանովն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունն իրականացվում է երկկողմ կապերի շրջանակներում, նաև ՆԱՏՕ-ի գծով: Նա նշել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության բնագավառներում:
Հասանովի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների աջակցությամբ համագործակցությունն անշեղորեն աճելու է՝ համաձայն երկու կողմերի ռազմական կառույցների միջև համագործակցության ամենամյա պլանների:
Իր հերթին Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար Հալիպ Մենդին նշել է, որ երկու պետությունների միջև կապերն ունեն խորը պատմական արմատներ և հիմնված են բարիդրացիության ավանդույթների վրա: Թուրք գեներալը հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանի կարևոր գործընկերն է: