«Ես այլ հարեցերի ու պատասխանների էի սպասում, որոնք առանց հարցն ուղղելու կբարձրացվեին նախարարների կողմից»,-ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի մասին araratnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
«Ցավում եմ, բայց առաջնային խնդիրները թողած՝ երկրորդական հարցեր քննարկվեցին, միակ դրական կողմն այն էր, ըստ էության՝ հայտարարվեց Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորումը շարունակելու մասին, ակնարկվեց, որ քննարկվում են տարածաշրջանում ստաբիլիզացիայի ուղղությամբ քայլեր կատարելու մասին: Այդ ստաբիլիզացիայի հարցերն առաջին հերթին ենթադրում են՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, բայց ոչ մի խոսք այդ մասին: Ռուսաստանը շարունակում է որևէ կերպ գնահատական չտալ տեղի ունեցածին, ոչ միան որպես Հայաստանին դաշնակից, ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ, այլ նաև՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ: Ի վերջո, տեղի է ունեցել պատերազմ և դրա հետ կապված որևէ մեկը չի էլ ուզում մեկ թթու խոսք անգամ ասել Ադրբեջանին. սա վտանգավոր է»:
Պարոն Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստանի բոլոր այն հայտարարությունները, թե իրենք ուզում են կանխել իրավիճակի հետագա լարվածությունը՝ անկեղծ չեն, նաև՝ վտանգավոր է.«Ֆորմալ հայտարարել՝ շահագրգռված են խաղաղությամբ, բայց այսպես ասած՝ մակերևույթի տակ չանել քայլեր, որոնք կկանխեին այդ ամեն ինչը, ինչպես նաև՝ շարունակել նույն արատավոր քայլերը՝ Ադրբեջանի սպառազինում և այլն, սա նշանակում է անպատասխանատու վերաբերմունք ոչ միայն դաշնակցի նկատմամբ, նրա շահերի, այլ նաև՝ սեփական դերի նկատմամբ: Եվ, վերջապես, այս իրավիճակում թերևս ես մտահոգված եմ, որ Ռուսաստանը և այլ երկրներ ամեն ինչ անում են, որպեսզի գլխավոր խնդրից ուշադրությունը շեղվի, և Ադրբեջանին պատասխանատվության հարց չբարձրացվի: Ես ցավում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ իշխանությունները միանում են դրան»: