տուն Լուրեր Ադրբեջանի զինված ուժերը կրկնօրինակել են ԴԱԻՇ-ի գործելաոճը. Աշոտ Հովակիմյան

Ադրբեջանի զինված ուժերը կրկնօրինակել են ԴԱԻՇ-ի գործելաոճը. Աշոտ Հովակիմյան

117
0

hovakimyanԱդրբեջանի զինված ուժերը, կրկնօրինակելով Սաֆարովի եւ «ԴԱԻՇ»-ի գործելաոճը, գլխատում եւ խոշտանգում էին ոչ միայն զինվորականներին, այլեւ` խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ նաեւ ծերերին եւ կանանց։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, որի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ից հունիսի 1-ը Բեռլինում մասնակցեց ԵԱՀԿ գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպված «Բռնի ծայրահեղականության եւ արմատականության կանխարգելում եւ հակազդում» խորագրով հակաահաբեկչական համաժողովին: Միջոցառմանը ներկա էին ԵԱՀԿ մասնակից եւ գործընկեր երկրների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացման խոսքով հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը։

Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթի սկզբում նշեց, որ Հայաստանը ԵԱՀԿ շրջանակներում առաջինն էր, որ դատապարտեց «Իսլամական պետության» եւ «Ալ-Նուսրայի» կողմից Իրաքում եզդիների եւ Դեյր-Զորում ու Քեսաբում հայերի դեմ իրականացված ոճրագործությունները: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների կանխարգելմանը, քանի որ դրանք բռնի ծայրահեղականությունն անմիջականորեն կապում են ահաբեկչության հետ:

Ըստ փոխնախարար Հովակիմյանի՝ առկա հակամարտությունները պարարտ հող են ստեղծում բռնի ծայրահեղականության համար, հատկապես այն պարագայում, երբ պետական իշխանություններն այդ հակամարտությունները օգտագործում են մարդու իրավունքները սահմանափակելու եւ հակամարտության կողմերի նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով: ԱԳ փոխնախարարը ընդգծեց, որ, ցավոք, մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները միայն եկան հաստատելու հայկական կողմի մտահոգությունը, երբ Ադրբեջանի զինված ուժերը, կրկնօրինակելով Սաֆարովի եւ «ԴԱԻՇ»-ի գործելաոճը, գլխատում եւ խոշտանգում էին ոչ միայն զինվորականներին, այլեւ` խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ նաեւ ծերերին եւ կանանց։ Այդ ոճրագործություններն իրականացնողները ոչ միայն չդատապարտվեցին, այլեւ պարգեւատրվեցին Ադրբեջանի նախագահի կողմից:

Ամփոփելով իր ելույթը` փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ պետությունների՝ բռնի ծայրահեղականությունը եւ ահաբեկչությունը իրենց նպատակներին ծառայեցնելու ցանկացած փորձ պետք է խստագույնս դատապարտվի։