Ադրբեջանն այլեւս չի կարողացել թաքցնել Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի 25 բնակիչների (ութ ընտանիքի անդամներ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անցնելու փորձը: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլիծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը ճարահատյալ հաստատել է փաստը, որ նրանք փետրվարի 26ի լույս փետրվարի 27-ի գիշերը փորձել են Ակնի (Աղդամի) կողմից անցնել Արցախ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, modern.azի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ ոստիկանական բաժանմունքում նրանք բոլորը հարցաքննվել են, որից հետո ուղարկվել են Գաբալա: «Հետազոտությունների արդյունքներից կախված` հարցին իրավական
գնահատական կտրվի», ասել է նա: ԼՂՀ անցնել ցանկացած գաբալացիներից Ռամին Իսմայիլովը Meydan TVին հայտնել էր, որ գիշերով սպիտակ դրոշներով դեպի ԼՂՀ սահման գնալու ժամանակ իրենց շրջապատել են ոստիկանության աշխատակիցները եւ տարել բաժանմունք: Նա ասել է, որ իրենք ցանկացել են անցնել ԼՂՀ` Գաբալայում Նաբիեւների ընտանիքի կողմից արված անօրինականությունների պատճառով: «Նաբիեւները մեր երեխաներին անհիմն ձերբակալում են: «Ազերիգազ»ի Բաքվի գծով ներկայացուցիչ Գարա Նաբիեւը, հարկերի նախարարի խորհրդական Մուսավեր Նաբիեւը, Քյոթուքլու գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիեւը գնել են Գաբալան: Նրանք մեզ չեն թողնում ապրենք: Ցանկացած մարդու տուն եւ ավտոմեքենա թմրանյութ են նետում եւ ձերբակալել տալիս: Մենք այլեւս չենք կարող ապրել Գաբալայում, եւ ընդհանրապես` Ադրբեջանում: Այդ պատճաով էլ ցանկանում ենք անցնել Ղարաբաղ: Թեկուզ մեզ հայերը գնդակահարեն, ուզում ենք ազատվել Նաբիեւների զուլումից», ասել է Ռամին Իսմայիլովը: Փետրվարի 28ին «Ազադլըգ» թերթը հայտնել է, որ Գաբալայից եւս 108 բնակիչներ պատրաստվում են փախչել Իրան: Նրանք հայտարարել են, որ ցանկանում են Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվել շրջանի դատարանի անարդարութունների պատճառով: Շրջանի բնակիչ Աքիֆ Իսմայիովը թերթին հայտնել է, որ դատարանը անարդարացի վճիռ` մեկ տարվա ազատազրկման է ենթարկել իր որդուն նրա համար, որ նա ընդամենը վկա է եղել երկու երիտասարդների միջեւ թեթեւ ծեծկռտուքին: Նա պատմել է, որ բողոքով եղել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի մոտ, որն ասել է, որ երիտասարդներին կարելի էր ընդամենը 15 օր պատժել մեկուսացմամբ: Սակայն, դատարանը չի փոխել վճիռը: Նա հավելել է, որ իր եւ մյուս դատապարտվածների մերձավորները` 108 մարդ ցանակնում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից: «Այլ ճանապարհ չունենք: Մենք չենք կարողանում դիմանալ նման անարդարությանը: Ձեռքներիս սպիտակ դրոշով կանցնենք Իրան», ասել է Աքիֆ Իսմայիլովը: Միջադեպերի հետ կապված սուր քննարկումներ են սկսվել սոցցանցերում: Մի օգտատեր գրում է. «Արեւմուտքի առաջ ցանկացած գնով իրեն «հանդուրժողական», «մուլտիկուլտուրալ» ներկայացնող իշխանությունների երեսպաշտությունը սահման չունի: Իսկ Արեւմուտքը սեփական շահերի համար լռում է, բայց եւ հասկացնել տալիս, որ գիտի, թե ինչպիսի աղետալի վիճակում է ադրբեջանական ժողովուրդը: Այդ ժամանակ իշխանությունները բարձր ամբիոնից հայտարարում են, որ «Արեւմուտքը մեզ չի սիրում, որովհետեւ մենք մուսուլման ենք»: Իսկ իրենք ժողովրդի հսկայական ֆինանսական միջոցները ծախսում են արեւմտյան նախագծերի, Լուվրի, Վատիկանի, Բուլղարիայի անձավների վերանորոգման, «Եվրատեսիլ», «Եվրախաղեր», այժմ էլ` «Ֆորմուլա1» անցկացնելու վրա: Նրանք համոզված են, որ ոստիկանական մահակներով կճնշեն ժողովրդին: Այժմ հասանք նրան, որ իշխանություններից զզված մարդիկ զանգվածաբար պատրաստվում են անցնել նույն իշխանությունների կողմից թշնամի հայտարարված հայերի կողմը: Համոզված եմ, որ հիմա իշխանությունները կպատժեն ոչ թե իսկական մեղավորներին,այլ հենց այդ մարդկանց, որոնք, վտանգելով կյանքը, փախչում են երկրից»:
Մանրամասներն՝ այստեղ: