տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա, հերթը Meydan TV-ինն է

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ԶԼՄ-ների վրա, հերթը Meydan TV-ինն է

73
0

meydan tvԱդրբեջանական Meydan TV-ի դեմ ավելի վաղ սկսված հետապնդումը շարունակություն է ստացել:  Արդեն քրեական գործ է հարուցվել եւ դրանով մոտ  15 լրագրող է անցնում: Այդ մասին Turan-ին հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը:

Փաստաբանը նշել է, որ ապրիլի 18-ին Նարիմանովյան շրջանային դատարանը հրաժարվել է քննել իր պաշտպանյալ լրագրող Շիրին Աբբասովի բողոքը, որը համագործակցում էր    Meydan TV-ի հետ եւ անցյալ տարվա սեպտեմբերին 30 օրով կալանքի էր առնվել եւ պահվել ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում   (ԿՀՊԳՎ): Բողոքում պահանջվում էր անօրինական ճանաչել Աբբասովին ԿՀՊԳՎ-ում պահելը, նրա նկատմամբ կտտանքների կիրառումը, անմարդկային վերաբերմունքը, խուզարկությունը նրա բնակարանում, ինչպես նաեւ երկրից մեկնելու արգելքը:

Նարիմանովյան շրջանի դատավոր Թուրգայ Բայրամովը որոշում է կայացրել բողոքն ուղարկել Նասիմինյան շրջանային դատարան` դա հիմնավորելով նրանով, որ   Meydan TV-ի «պաշտոնատար անձանց» նկատմամբ Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունում քրեական գործի հետաքննություն է իրականացվում: Սադիգովը նշել է, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս  2015-ին (ըստ երեւույթին, դեռեւս սեպտեմբերին), երբ Աբբասովը ձերբակալվել էր: Այդ ժամանակ, նրա փաստաբանի խոսքով, ԿՀՊԳՎ-ում Աբբասովի նկատմամբ ճնշում էր գործադրվել Meydan TV-ի  ղեկավարության եւ գործընկերների դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով: Սադիգովի խոսքով, գործով   15 լրագրող է անցնում: Չնայած` դեռեւս որեւէ մեկին կոնկրետ քրեական մեղադրանք չի ներկայացվել: Սակայն լրագրողներին արգելված է մեկնել երկրից, ոմանց տանը խուզարկություն է կատարվել եւ առգրավվել են սարքավորումներ: Փաստաբանը քրեական գործը հորինովի է համարում` հիշեցնելով, որ համանման հոդվածներով քրեական գործեր է հարուցվել նաեւ տասնյակ ՀԿ-ների նկատմամբ, իսկ նրանց ղեկավարները դատապարտվել են:

Իսկ գործը հարուցելու պատճառը   Meydan TV-ի իրականացրած հետաքննություն է Մինգեչավիր քաղաքում բնակչության բողոքների վերաբերյալ այն բանից հետո, երբ կալանքի առնված մի մարդ իրեն նետել էր ոստիկանության շենքի պատուհանից: Տեսագրության ցուցադրությունը լրջորեն անհանգստացրել է իշխանություններին: Հարցաքննությունների ընթացքում լրագրողներից փորձել են պարզել, թե ով է նրանց տվել այդ տեսագրությունը, ով է հանձնարարել ցուցադրել այն եւ այլն:

Meydan TV-ն ստեղծվել է 2013-ին, նրա գլխամասային գրասենյակը տեղակայված է Գերմանիայում: Նախագիծը ղեկավարում է խղճի նախկին բանտարկյալ եւ բլոգեր Էմին Միլլին: