տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանի իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել

Ադրբեջանի իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել

76
0

ilham-aliev-azerbaijanԻշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում ամրապնդելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները նոր բռնաճնշումների ալիք են սկսել, որպեսզի իրավական բազայի հիմք ստեղծեն եւ հանրաքվեի ուղիով ամրացնեն իշխանության կենտրոնացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ասվում է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ:

Կուսակցությունն այդպես է գնահատում Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մասուդ Ռզալըի ձերբակալությունը, Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի ազգական Էլնուր Սեիդովի սպանության սպառնալիքը եւ REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը:

Հայտարարության մեջ կուսակցությունը նշել է, որ «Մուսավաթը» վճռականորեն դատապարտում է բռնաճնշումների այդ ալիքը, պահանջում է անհապաղ դադարեցրել այն եւ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալվածներին:

Կուսակցությունը նաեւ գտնում է, որ հիշյալ բռնաճնշումները նպատակ ունեն ահաբեկել բնակչությանը Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հանրաքվեի նախօրեին:

«Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը աճող ուժի քաղաքական կազմակերպության վրա ճնշում է, ինչը ակտիվիստներին չի վախեցնում, եւ REAL-ը հետ չի կանգնի հանրապետական արժեքների եւ ժողովրդավարության համար պայքարից», -հայտարարվել է REAL-ի կողմից այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում, որը նվիրվել է Նաթիգ Ջաֆարլիի ապօրինի ձերբակալությանը:

REAL-ի կողմից ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների շարունակության ակնառու վկայությունն է: Դա թեսթ է հանդիսանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների համար, որոնք իրենց համար գերակա են հայտարարել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները: Նրանք պետք է ցույց տան, ինչքանով են հավատարիմ իրենց արժեքներին: Ստեղծված իրավիճակում նրանք կարող են հաստատել իրենց արժեքներին հավատարմությունը` պատժամիջոցներ կիրառելով ժողովրդավարությունը խեղդողների դեմ»:

REAL-ը նաեւ հայտարարել է, որ Նաթիգ Ջաֆարլին ձերբակալվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անմիջական հանձնարարությամբ:

REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ձերբակալվել է օգոստոսի 12-ին գիշերը ժամը 22-ին` «ապօրինի ձեռնարկատիրության» մեղադրանքով:

Ենթադրվում է, որ Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալության պատճառներից մեկն էլ այն է, որ նա համարձակվել է facebook-ի իր էջում փաստագրել, որ Ադրբեջանում պայմանագրային աշխատողների աշխատավարձը 2014-2016 թվականներին ոչ թե 6,8 տոկոսով աճել է, ինչպես ներկայացնում են իշխանությունները, այլ 4,2 տոկոսով նվազել է: «2016 թվականի հուլիսի 1-ին երկրում պաշտոնական արժեզրկումը 11 տոկոս է եղել, նշանակում է` պայմանագրով աշխատողների իրական եկամուտները 6,8 տոկոսով չեն աճել, այլ հակառակը, 4,2 տոկոսով նվազել է, քանի որ 2014-2016 թվականներին նրանց նոմինալ միջին աշխատավարձը 542 դոլարից նվազել է 239 դոլարի», -գրել էր Նաթիգ Ջաֆարլին:

Տնտեսական-քաղաքական մեկնաբանություններով հայտնի Նաթիգ Ջաֆարլին Ադրբեջանի իշխանությունների խիստ քննադատներից է: Նա 2008 թվականին ստեղծված «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման համահիմնադիրն է:

Գիշերը մոտ ժամը մեկին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով կալանքը:

REAL շարժումը Ադրբեջանում ակտիվորեն դեմ էր հանդես եկել նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի իշխանությունը հավերժացնելուն ուղղված սահմանադրական փոփոխություններին, որի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա առաջիկա սեպտեմբերի 26-ին:

REAL-ի առաջնորդ Իլգար Մամեդովը կալանավորվել եւ ապօրինի մեղադրանքներով 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել է 2013 թվականին:

Չի բացառվում, որ Նաթիգ Ջաֆարլին եւս կլրացնի Ադրբեջանում մինչեւ 100 հաշվվող քաղբանտարկյալների ցուցակը: