տուն Լուրեր Ադրբեջանի հայցը մերժվեց Ֆրանսիայում. ինչո՞ւ է դա կարևոր. Новая газета

Ադրբեջանի հայցը մերժվեց Ֆրանսիայում. ինչո՞ւ է դա կարևոր. Новая газета

107
0

EU-AZERBAIJAN-DIPLOMACY

Նոյեմբերի 7-ին Փարիզի Նանտերի դատարանը մերժել է Ադրբեջանի հայցն ընդդեմ ֆրանսիացի լրագրողների. Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա պետությունը դատի էր տվել ֆրանսիացի լրագրողներին. գրում է Новая газета թերթը:

Ադրբեջանի իշխանությունները որոշել էին վիճարկել France Télévisions-ի եթերում հնչած «դիկտատուրա», «բռնակալ», «աշխարհում ամենադաժան բռնապետություններից մեկը» արտահայտությունները և ֆրանսիացի լրագրողներին մեղադրել զրպարտության մեջ:

Դատարանի որոշումը կարևոր էր Ադրբեջանի իշխանությունների համար. տեսականորեն, եթե հայցվոր կողմի պահանջը բավարարվեր, Ֆրանսիայի դատարանները կարող էին բազմաթիվ հայցեր ստանալ այլ երկրների կողմից, որոնց քաղաքականությունը երբևէ քննադատության էր ենթարկվել ֆրանսիական լրատվամիջոցների կողմից:

«Բռնակալական ռեժիմի» մասին խոսքը, որը Նանտերի դատարանի քննարկման առարկա էր, հնչել էր 2015-ի սեպտեմբերին France 2 պետական հեռուստաալիքի Cash Investigation (Կանխիկ հետաքննություն` խմբ.) հաղորդման ժամանակ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 5-ին Փարիզում սկսվել էին Ադրբեջանի կառավարական ռեժիմը բռնապետություն անվանած երկու ֆրանսիացի լրագրողների՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները դատավարության ժամանակ հանդես էին եկել որպես լրագրողների շահերի պաշտպան: Միջազգային կազմակերպության պաշտոնական կայքը՝ Rfs.org-ը, դատական գործը որակել էր որպես Ադրբեջանի կառավարության կողմից «իր գրաքննությունը Ֆրանսիա արտահանելու փորձ»:

Նոյեմբերի 7-ին դատարանն Ադրբեջանի հայցն անընդունելի համարեց, քանի որ, առաջին հերթին՝ խոսքի ազատությունը «ժողովրդավարության հիմքն է», իսկ մամուլի մասին օրենքում չկա «զրպարտություն» հասկացությունը,  երկրորդ՝ «Ֆրանսիայի քրեական օրենքը չի ընձեռում» պետությունների համար հնարավորություն՝ հանդես գալու որպես քաղաքացիական հայցվոր:

Новая газета-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի փաստաբան Օլիվիե Պարդոն իր վրդովմունքն է արտահայտել դատավճռի առնչությամբ, հայտարարելով, որ խորհուրդ կտա իր հաճախորդներին բողոքարկել վճիռը: Նա նաև նշել է՝ երկիրը, որի շահերը ինքը պաշտպանում է, չի կարող բռնապետություն կոչվել, քանի որ այնտեղ գործում է «50 կուսակցություն», կան խոսքի ազատություն և «համացանցի մատչելիություն», իսկ մահապատիժը վերացված է: