Վերջին օրերին ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների պատկերը նույնիսկ դժվար է համեմատել 1992 թվականի հետ: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը հակադրվել է Ժնեւյան հիմնական գրեթե բոլոր հոդվածներին. «Ադրբեջանը, լինելով ճանաչված պետություն, պահում է իրեն՝ որպես ահաբեկչական խումբ ու միավոր: Նրանց կողմից իրականացված վերջին գործողությունները կարելի է համեմատել «Իսլամական պետության» հետ։ Խոսք է գնում այնպիսի հանցագործությունների մասին, որոնք կարելի է բնութագրել այն ցեղերին, որոնք շատ հեռու են որեւէ տեսակի քաղաքակրթությունից»:
Լարիսա Ալավերդյանը հորդորել է, որ լրատվամիջոցները նրբանկատ գտնվեն անհայտ կորածների մասին տեղեկություններ հաղորդելիս։
«Սկսած 1988 թվականից մենք ունեցել ենք բավականին ակտիվ կապեր Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների եւ մինչեւ անգամ քաղաքացիների հետ, դա դեռեւս սովետական ժամանակներից պահպանվում էր։ Եւ այն ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ հարցերը այլ ձեւով էին լուծվում՝ որոնողական աշխատանքներով։ Այսօր մենք ունենք պետական հանձնաժողով եւ Հայաստանում, եւ Արցախում։ Քանի որ մեր հասարակական կազմակերպությունը անդամ է այդ պետական հանձնաժողովի, մենք փաստորեն ուշի ուշով նայում ենք՝ ինչ հայտարարոթյուններ են լինում եւ բոլորին կոչ ենք անում հետեւել պետական հանձնաժողովի անհայտ կորածների ու գերինների հարցով հանձնաժողովին։ Ես կխնդրեի, որ անհայտ կորած բառակապակցությունը չփոխարինել գերիներ տերմինով։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։