Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին Հայաստանի խորհրդարանում օրինագծի ներկայացման շուրջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Մենք կիսում և հավանություն ենք տալիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, որ չպետք է խուճապի մատնվել Լեռնային Ղարաբաղի ապօրինի ռեժիմը ճանաչելու հայ պատգամավորների նախաձեռնության շուրջ»,- haqqin.az կայքի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը` կրկնելով, որ հակամարտությունը հնարավոր է լուծել Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերը դուրս բերելուց հետո:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Արցախի ճանաչման վերաբերյալ մասնավորապես նշել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայի շուրջ քննարկումներին, չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում։ Դա խորհրդարանի երկու պատգամավորի առաջարկն է։ Իսկ Հայաստանի կառավարությունը, օրենքի համաձայն, ինչպես նրանք են բոլորին բացատրում` կրքերը հանդարտեցնելով, պետք է այդ օրինագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստի։ Իմ կարծիքով`աղմուկ բարձրացնելու ու խուճապի մատնվելու իմաստ չկա»: Լավրովը շեշտել է, որ Արցախի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնությամբ, այլ ոչ թե միակողմանիորեն:
Մինչև Լավրովի հայտարարությունը` ադրբեջանական կողմը իսկական հիստերիա էր բարձրացրել` նշելով, որ Արցախի անկախությունը ճանաչելով՝ Հայաստանը Մինսկի խմբին կզրկի բանակցելու մանդատից, ինչից հետո Ադրբեջանը, իբր, ստիպված կլինի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել: