տուն Լուրեր Ադրբեջանը շատ ցավոտ զգացել է իր գործողությունների հետևանքները. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանը շատ ցավոտ զգացել է իր գործողությունների հետևանքները. Կարեն Վրթանեսյան

166
0

կարեն վրթանեսյան

Եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ ինչ-որ հաջողությունների կարող է հասնել` կդիմեր կտրուկ քայլերի: Այն, ինչ նրանք են անում, ռազմական առումով անիմաստ է: Իսկ մենք չունենք այլընտրանք, քան լայնամասշտաբ ռազմական գոծողություններ սկսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանում այնպիսի իրավիճակ էր, երբ հետախուզական-դիվերսիոն խմբերը հրաժարվում էին գնալ և կատարել հրամանները, քանի որ հասկանում էին, որ անիմաստ զոհվում են: Բնականաբար, այդ ընթացքում մենք էլ ենք զոհեր ունենում: Ցավոք, դա մեր այս տարածաշրջանում ապրելու գինն է: Որովհետև այս հարևաններով այլ կերպ հնարավոր չէ: Ընդհանրապես, պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանը բավական անկայուն է: Մեր շուրջբոլորը ռազմական իրավիճակներ են: Թուրքիայում անընդհատ հարձակումներ, պայթյուններ են, ընդ որում` ՀՀ սահմանին մոտ: Վրաստանն այս 20 տարում ունեցավ 4 պատերազմ, 1 հեղափոխություն: Մեր տարածաշրջանում խաղաղ ապրելու միակ պայմանը շատ հզոր բանակ ունենալն է»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանը մինչև հիմա չի դիմել ՀԱՊԿ-ին, Վրթանեսյանը հիշեցրեց, որ խնդրում, որպես միջնորդ կողմ, հանդես է գալիս Մինսկի խումբը: Վրթանեսյանի կարծիքով` Հայաստանը ճիշտ է վարվում` չդիմելով ՀԱՊԿ-ին:

«Այդ ձևաչափին մենք համաձայն ենք և աշխատում ենք: Կարծում եմ, ՀՀ ռազմական ղեկավարությունը դեռևս հարկ չի համարում դիմել ՀԱՊԿ-ին: Ռազմական առումով մենք մեր խնդիրները լրիվ կատարում ենք, ի՞նչ կարիք կա ուրիշ միջնորդ բերել այս պահին: ՀԱՊԿ-ի դերը, որքան ես եմ հասկանում, Արդբեջանի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիայի ախորժակը զսպելն է: Եթե Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին և մերժում ստանա՝ այդ դեպքում իմաստ ունի քննարկել, թե ինչն է խնդիրը»,- ասաց նա և հավելեց. «Ցանկալի կլինի, որպեսզի լինեն դիտորդական մոբիլ խմբեր, առաջին հերթին` խաղաղ բնակչության դեմ ոտնձգություններն արձանագրելու համար»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին, Վրթանեսյանն ասաց, որ այն տուժեց այն պահին, երբ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին:

«Ադրբեջանը բանակցային գործընթացում ադեկվատ կողմ չի: Նույն օգոստոսյան լարվածության ժամանակ հանդիպում եղավ Սոչիում: Ալիևի համար Ղարաբաղյան հակամարտությունը հարմար գործիք է` երկրում ցանկացած քննադատություն իրենից շեղելու համար: Ընդդիմադիր ցանկացած գործիչ այնտեղ մեղադրվում է հայերի հետ համագործակցելու, պետական դավաճանության և այլնի համար: Բանակի կորուստների մասին արգելվում է հայտնել, եթե այդ մասին չի հայտնում պաշտպանության նախարարությունը»,- նշեց բանախոսը:

Խոսելով վերջին օրերի լարվածության մեղմացման մասին, Վրթանեսյանն ասաց, որ վերջին երկու օրերին համեմատաբար մեղմ է, նպատակաուղղված կրակոցներ բնակավայրերի վրա չկան:

«Կան կորուստներ, որ իրենք իրենց վրա չեն վերցնում, բայց ես վստահեցնում եմ, որ իրենք շատ ցավոտ զգացել են իրենց գործողությունների հետևանքները: Միակ խնդիրն այն է, որ այդ ցավը զգում են շարքային զինվորները, որոնք ինքնության որևէ բան չեն կարող որոշել»:

Կան դիրքեր, որոնց վերցնելը կբարելավի մեր ռազմաքաղաքական իրավիճակը: Եթե գա մի պահ, որ անհրաժեշտ լինի դա` անվտանգությունը պահպանելու համար, հնարավոր է նման սցենար, բայց դժվար թե այս իրավիճակում մենք այդ քայլին գնանք: