Ադրբեջանը նպատակաուղղված փորձում է լարվածություն վերցնել հայ-ադրբեջանական սահմանին և ժամանակ առ ժամանակ այդ նպատակին ուղղված դիմում է տարբեր միջոցներիˋ կրակ բացելով հայկական կողմի ուղղությամբ:
Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանըˋ անդրադառնալով նրան, որ դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց:
Ըստ պաշտոնական հաղորդագրությանˋ կրակոցները եղել են տարբեր կողմերից և 82 և 60 մմ ականանետերից ադրբեջանական կողմը կրակել է 24 անգամ։
«Թե ինչու են այդպես անում իսկապես ենթադրությունները շատ են: Դա կապված է թե Ադրբեջանի ներքին խնդիրների հետ, թե աշախարհաքաղաքական իրավիճակի, թե մեր տարածաշրջանում փոփոխությունների հետ: Ադրբեջանը փորձում է խաղաղություն վաճառել Հարավային Կովկասում խոշոր տերությունների համար. թե Ռուսաստանին, թե ԱՄՆ-ին, թե Եվրոպային: Ադրբեջանը այդ խնդիրը լուծում էˋ զուգահեռ փորձելով նաև ներքին խնդիրների հարցը շահել: Վերջին տարիներին Ադրբեջանն ավելի վճռական է դառնում, ավելի միտումնավոր գռեհիկ է դառնում»,-ասաց Մելիք-Շահնազարյանը: