Վրաստանն այլեւս անհրաժեշտություն չունի գազի լրացուցիչ ծավալ ձեռք բերել ռուսաստանյան «Գազպրոմ» էներգետիկական ընկերությունից:
Այսօր այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Նրա խոսքով` գազի մատակարարման խնդիրը լուծել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը: Վրաստանը Ադրբեջանից լրացուցիչ 463 մլն խոր.մ «երկնագույն վառելիք» կստանա: Համապատասխան համաձայնագիրը այսօր Վրաստանի եւ SOCAR-ի միջեւ ստորագրել են Կալաձեն եւ ադրբեջանական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:
Դրա հետ միասին Կալաձեն հայտնել է, որ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները դեռեւս ավարտված չեն եւ պայմանագիր ձեւակերպված չէ:
«Մենք մի քանի օր առաջ նրանց ենք ուղարկել մեր վերջին առաջարկը, որը բարարձայնվել է վրացական կողմից: Այն կայանում է նրանում, որ մենք ինչպես նախկինում պետք է տարանցման համար 10 տոկոսը ստանանք հումքի` այսինքն գազի տեսքով, եւ ոչ թե գումարով: Այս փուլում մեզ լրացուցիչ գազի ծավալներ պետք չեն: Վրաստանը գազով ապահովված կլինի առաջիկա մի քանի տարիներին», -ասել է վրացի նախարարը: Կալաձեն չի պարզաբանել, թե եթե «Գազպրոմ»-ը չհամաձայնվի իրենց առաջարկին, ապա ինչպես են լուծելու 10 տոկոս պահանջարկի խնդիրը:
Բացի այդ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` SOCAR-ը նաեւ 35-40 դոլարով իջեցրել է Վրաստանին վաճառվող գազի 1000 խոր.մ-ի համար գինը (APA):
Meydan TV-ի հետ զրույցում, Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր, տնտեսագետ Նազիմ Մամեդովն այդ առնչությամբ հայտնել է, որ շուկայական տնտեսություն ունեցող երկրներում գները որոշվում են առաջարկի եւ պահանջարկի միջոցով:
«Ինչպես երեւում է ` այլ ընկերություններ Վրաստանի շուկային էժան գազ են առաջարկում, SOCAR-ն էլ ստիպված` նվազեցրել է գազի գինը: Սակայն, մինչեւ մանաթի արժեզրկումը եւս Վրաստանում եւ Ադրբեջանում 1000 խոր.մ գազի գինը նույնն էր: Վրաստանում, նույնիսկ, այն փոքր ինչ ավելի էժան էր: Այն ժամանակ SOCAR-ը Վրաստանին էժան գազ վաճառելը չէր մեկնաբանում: Համաշխարհային շուկայում գազի գինը 300-400 դոլար եղած ժամանակ SOCAR-ը Վրաստանին էժան գազ էր վաճառում: Ափսոս, որ ընկերության ղեկավարությունը համաշխարհային շուկայում նավթի գինը բարձրանալիս մտածում է ներքին շուկայում գինը համաշխարհային շուկայականին համապատասխանեցնելու մասին, իսկ նավթն էժանանալիս` անտեսում է նրա համաշխարհային գինը եւ հայտարարում, թե այն որոշում է երկրի Տարիֆային խորհուրդը», -շեշտել է նա:V