տուն Լուրեր Ադրբեջանը նպատակ ունի շեղելու իր ժողովրդին ներքին խնդիրներից. Արմեն Մարտիրոսյան

Ադրբեջանը նպատակ ունի շեղելու իր ժողովրդին ներքին խնդիրներից. Արմեն Մարտիրոսյան

119
0

Armen-Martirosyan1

«Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ սահմանի լարվածությունն ու ստեղծված իրավիճակը պայմանավորված է մի շարք գործոններով.

«Առաջինը՝ Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակն է, որից հանրությանը շեղելու համար դիմում են նման քայլերի, երկրորդը՝ իրենք տեսնում են, որ Հայաստանը մեկուսացած վիճակում է, այսինքն՝ աջակցություն չկա որևէ այլ պետությունից, երրորդը՝ մեր երկրի ներքաղաքական վիճակն է»,- պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանն ու ընդգծեց, որ այդ գործոնները իրար գումարվելով ստեղծել են նման իրավիճակ:

Հարցին, թե հնարավո՞ր է այս իրավիճակը վերածվի լայնածավալ մարտական գործողությունների՝ «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահը նշեց, որ նման բան չի կարող լինել մի պարզ պատճառով՝ Ադրբեջանը իր եկամուտների հիմնական մասը նավթից է ստանում և, բնականաբար, չի ցանկանա այդ գումարներից զրկվել:

Ինչ վերաբերվում է այն փաստին, որ Ադրբեջանի գործողությունները կապ ունեն նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ՝ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ դա այնքան էլ այդպես չէ. «Իհարկե, դա էլ է հնարավոր, բայց առաջնային չէ: Կարծիքներ կան, որ Գյումրիի ողբերգությունը ևս կապ ունի, բայց պետք է նշեմ, որ այդ հարցում էլ մի փոքր այլ տեսակետ ունեմ. Ադրբեջանն այդ գործողությունները սկսել էր մինչ Գյումրիի դեպքերը՝ տարեսկզբին»:

Նրա համոզմամբ՝ երկրում արմատական փոփոխությունները կլինեն ելք ստեղծված իրավիճակից: