2015-ի սկզբից հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն է նկատվում: Այս տարվա առաջին ամսվա կտրվածքով՝ սահմանի լարվածությունն արդեն իսկ մտահոգվելու տեղիք էտալիս: Պարզելուհամար, թե ինչով է պայմանավորված սահմանային լարվածությունը և ինչ հետագա զարգացումներ այն կարող էունենալˋAraratnews.am-ի թղթակիցը զրուցեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ:
-Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում սահմանային լարվածության ակտիվացումը:
-Դեռևս 2014-ի մեր կանխատեսումներում մենք նշել էինք, որ այս տարին բարդ է լինելու հատկապես, որ այս տարի լրանում է Ցեղասպանության 100-ամյակը: Սահմանային լարվածությանը նպաստեց նաև հունվարի երկրորդ տասնօրյակում ստեղծված բարդ իրավիճակը: Գյումրիի դեպքերը Ադրբեջանի իշխանությունների համար լավ առիթ էին ևս մեկ անգամ զենքի ուժը գործի դնելու: Հաջորդ դրդապատճառը, որ ստիպում է Ադրբեջանին այսպես գործել՝ արդյունավետ բանակցությունների պակասն է: Ադրբեջանը միշտ նախընտրել է կոնֆլիկտը լուծել զինված ուժերի միջոցով:
-Արդյո՞ք Ադրբեջանն այս քայլերով փորձում է որոշակի ներքին խնդիրներ լուծել:
-Ադրբեջանը միշտ էլ օգտագործել է սահմանային լարվածության գործոնը սեփական հանրության ուշադրությունը մի շարք այլ խնդիրներից շեղելու համար: Ադրբեջանում առավելագույն վերահսկողության տակ են վերցված լրատվամիջոցները: Դրանք չեն հաղորդում ամբողջական տեղեկություններ սահմանի լարվածության մասին: Ադրբեջանցի զինվորների մահվան մասին դեպքերը ևս դուրս են մնում լրատվամիջոցներից, մինչդեռ մեզանում սահմանային ցանկացած միջադեպ լուսաբանվում է լրատվամիջոցներում: Մեզ հետ ունեցած հակամարտությունը Ադրբեջանն օգտագործում է որպես պատրվակ իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար:
-Ըստ Ձեզ` նման հանգամանքներում ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի պատասխանը:
-Բոլոր այս գործոնները չէին կարող մեզանում մարտավարական փոփոխությունների առիթ չդառնալ: Իր վերջին ելույթումˋհունվարի 26-ին, նախագահը հստակ մեսիջներ ուղղեց, որով ամրագրեց հետևյալ գաղափարըˋ մենք այլևս պասիվ իրավիճակում չենք լինելու և պատրաստ ենք ակտիվ քայլերի և կանխարգելիչ գործողությունների:
Այս միտքը բազմիցս շրջանառվել է քաղաքական շրջանակներում, բայց մինչև այս պահն այն ամրագրված չէր: Կարծում եմˋ այս միտքն ամրագրվեց հատկապես այն բանից հետո, երբ ՊՆ խորհրդակցության ընթացքում շտաբների և գումարտակների հրամանատարներին գործելու որոշակի ինքնուրույնություն տրվեց:
-Ի՞նչ զարգացումների սպասել սահամանագծում ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
-Լարվածությունը կշարունակվի, ինչպես մինչև ապրիլի 24-ը, այնպես էլ դրանից հետո: Չեմ բացառում, որ դրանից հետո էլ որոշ ժամանակ սահմանային լարվածությունը դեռևս կշարունակվի: Ամեն դեպքում, մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը և պետք է ամուր մնանք:
Վարդուհի Ստեփանյան