Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները մենք բնութագրում ենք որպես ռազմավարական գործընկերություն։
Այս մասին, հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։
«Գործընկերություն՝ նշանակում է, որ մենք համագործակցում ենք, ռազմավարական՝ նշանակում է, որ համագործակցությունը երկարաժամկետ բնույթ է կրում։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների հիմքում ընկած օբյեկտիվ գործոնները հասկանալի են՝ աշխարհագրական դիրք, տնտեսական կապեր, Ռուսաստանում մեծ ադրբեջանական սփյուռքի առկայություն. մենք դա կոչում ենք ռազմավարական գործընկերություն։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, որի հետ մենք ռազմա-քաղաքական դաշինք ունենք, փոխօգնության մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական, Ռուսաստանի դաշնակիցը չէ»,- պարզաբանել է Պավլովսկին։
Դիվանագետի խոսքով՝ հենց դրանում է տարբերությունը, եւ խոսել այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները դիտարկվում են հավասար հարթության մեջ, այնքան էլ ճիշտ չէ։ «Իհարկե, քչերն են խորանում այդքան մանրամասների մեջ, որոնք շատ կարեւոր են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարության ենթատեքստում, թե՝ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է։