Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է՝ պասիվ բնույթ են ստացել: Ըստ այդ տեղեկությունների` արդեն մի քանի ժամ է՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Քիչ առաջ էլ հրապարակումներ եղան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրադադար կնքելու ցանկություն է հայտնել:
«Ադրբեջանը իր առջեւ խնդիր էր դրել փոխել շփման գծի կոնֆիգուրացիան, այն ներկայացնել որպես հաղթանակ, իր ժողովրդին դուխ տալ, ասելով, որ մենք պատրաստ ենք ռազմի դաշտում լուծել հարցը: ԼՂՀ բանակի խնդիրն էր թույլ չտալ շփման գիծը փոխվի, եւ եթե ավելի խորանար, ապա մի քիչ էլ մեր դիրքերը խորացնեին: Հիմա Ադրբեջանը գիտակցել է, որ չի կարողանում պահել դիրքերը, եւ ԼՂՀ-ն մեծահոգաբար համաձայնում է զինադադարին»- մեզ հետ զրույցում անդրադառնալով վերջին զարգացումներին, նշեց նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով դեռեւս պետք է սպասել հետագա զարգացումներին: «Մեր փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ պետք է հավատալ Ադրբեջանի հայտարարություններին: Եթե իրոք դադարեցնեն բոլոր տեսակի ռազմական գործողությունները, հավանաբար ԼՂՀ-ն նույնպիսի պատասխան կտա»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե սա արդյոք հարցի լուծում է, Ա. Արզումանյանը պատասխանեց.. «Հայկական կողմը որեւէ դիրք չի կորցրել, եւ հայկական կողմի համար հիմա նորմալ է»: