Ադրբեջանը դեմ չէ շփման գծում մշտադիտարկում անցկացնելու համար ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնմանը, Trend-ի փոխանցմամբ` անդրադառնալով մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
«Հիմնական գաղափարը հրադադարի ռեժիմի ամրապնդումն էր: Դրա հետ կապված մի քանի առաջարկություններ են արվել, և դրանցից մեկը մշտադիտարկում անցկացնելու համար ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնումն է: Մենք ասացինք, որ ընդունում ենք այդ առաջարկությունը` որպես համանախագահ երկրների առաջարկություն, և դեմ չենք այդ առաջարկությանը»,- ասել է Մամեդովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մամեդովը հայտարարել էր, որ «ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի լիազորություններում էական փոփոխություններ չեն կարող լինել: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ առումով պարտավորություններ չենք ստանձնել»: Փաստորեն` Մամեդովը հրաժարվել է իր նախկին հայտարարությունից` հիմա էլ ասելով, որ Ադրբեջանը դեմ չէ այդ առաջարկությանը: