Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրված հակահայ զեկույցները Ադրբեջանի կողմից փորձ էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից այլ հարթություններ տեղափոխելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Վերջինս նշեց, որ Մինսկի խմբի եռանախագահների հայտարարությունն այս առնչությամբ անակնկալ չէր կարող լինել որևէ մեկի համար, որովհետև եռանախագահները, որոնք միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափն են ու զբաղվում են հակամարտության կարգավորման միջնորդությամբ, բազմիցս արտահայտել են նույն դիրքորոշումը, որ փորձերը՝ հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ ձևաչափ, կարող են ոչ միայն չնպաստել, այլև՝ վնաս հասցնել հիմնախնդրի կարգավորմանը:
«Նույն բովանդակությամբ հայտարարություն արվեց ԵԽԽՎ նստաշրջանի նախաշեմին: Սա, կարծում եմ, Ադրբեջանի համար էլ անակնկալ լինել չէր կարող լինել: Այլ հարց է, որ Ադրբեջանը դժգոհ է, որովհետև այս հայտարարությունն ուղված էր իրենց, հենց նրանք են փորձում տեղափոխել հարցն այլ հարթությունները: Իսկ Հայաստանը բազմիցս ասել է այն, ինչ շեշտում են եռանախագահները»,- շեշտեց Նալբանդյանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ լավ է, որ ԵԽԽՎ պատգամավորները թույլ չտվեցին գոնե Ռոբերտ Ուոլթերի բանաձևն անցնի, այսինքն՝ քվեարկեցին խաղաղ կարգավորման գործընթացի օգտին:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ կողմից ընդունված Սարսանգի ջրամբարի մասին բանաձևին, Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ զեկուցողը փորձել էր քաղաքական ձևակերպումներ մտցնել բանաձևի մեջ, թեև հարցը սոցիալական էր:
«Ինչքանո՞վ է ընդունելի բանաձևը, եթե զեկուցողը, չնայած բազմաթիվ հրավերներին, չի այցելել Սարսանգի ջրամբարի վայր, թողնենք նրանց, ովքեր քվեարկեցին բանաձևերի օգտին: Մենք չէ, Ադրբեջանի ղեկավարությունն է ասում, որ ԵԽԽՎ օգտին ընդունած բանաձևերը թղթի կտոր են, այս մասին ամենաբարձր մակարդակով են ասում: Մենք նման բան չենք ասում: Բայց պետք չէ ուռճացնել, չափազանցնել այդ կարգի բանաձևերի նշանակությունը: Նրանք, ովքեր սպասարկում են Ադրբեջանի շահերը ինչ-ինչ հարթակներում, քարտեզի վրա չգիտեն որտեղ է գտնվում Ղարաբաղը, կարո՞ղ են մասնակցել հարցի կարգավորմանը»,- ընդգծեց արտգործնախարարը: