Հերթական որևէ առաջընթաց չամրագրող բյուջե էր այս 2015-ի բյուջեն: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Գոյատևման ժամանակ ձգելու բյուջե է սա: Այս բյուջեն չի լուծում Հայաստանի առաջ դրված կարևորագույն խնդիրները, դա ակնհայտ է»,-ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով մի քանի օր առաջ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռին ԼՂՀ-ում, Աղվան Վարդանյանն ասաց, որ սա նոր իրավիճակ է ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերություններում:
«Մի բան պարզ է, որ սրանով Ադրբեջանը զրոյացրեց տևական ընդմիջումից հետո այս տարի նախագահների մակարդակով երեք հանդիպումները: Հայաստանը պետք է վերլուծության ենթարկի իր քաղաքականությունը այս հարցում: Նախ, մենք կորցրեցինք հրաշալի տղաների, մեր ուղղաթիռի անձնակազմին: Այս ընթացքը ուղղակի հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ադրբեջանը ապացուցում է, որ շարունակելու է սադրանքների լեզվով խոսել: Պիտի պատժվի Ադրբեջանը, կոնկրետ թիրախային գործողություններ կիրականացվեն, կարծում եմ: Եթե չպատժվի, նա կշարունակի այս գործողությունները»,-ասաց Վարդանյանը: