Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը գիշերվանից իրականացնում է լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ: Արդեն տեղեկացրել էինք, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
Ադրբեջանական մամուլը սկզբում լռում էր, իսկ հետո սկսեց իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեց այն մասին՝ իբր հայկական կողմը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը և հերքեց, որ հայկական կողմը զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական մեկ ուղղաթիռ:
Կատարվող իրադարձություններին անդրադարձան ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ները: RIA Novosti-ն հրապարակեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Մոսկվայի անունից ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչը, որտեղ նշվում է.«Զսպվածության, որևէ բռնությունից անմիջապես հրաժարվելու կոչ ենք անում կողմերին»:
Նույն լրատվամիջոցը գրեց նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում հերթական նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրացումը: Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանն անդրադարձավ նաև Ռուսական առաջին ալիքը
Վաշինգտոն փոստը նույնպես գրում է շփման գծում կատարվող իրադարձություններին՝ հղում անելով հայկական պաշտոնական աղբյուրներին: